Մեծ Բրիտանիայի կառավարությունը մտադիր է հետեւել ԱՄՆ-ի օրինակին եւ հանել իր զորախմբի 1/3 մասը Աֆղանստանից։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտնել է The Times թերթը՝ հղում կատարելով զինվորական շրջանակներում իրազեկ աղբյուրներին։
Թերթի ստացած տեղեկատվության համաձայն, ծրագրվում է, որ հուլիսի կեսին Աֆղանստանի տարածքում մշտական գտնվող 1100 բրիտանական զինծառայողներից 330-ը կհեռանան երկրից։ Համարյա բոլոր բրիտանացի զինվորականները տեղակայված են Քաբուլում կամ մայրաքաղաքի արվարձաններում։ Ընդ որում, ինչպես նշում է Times-ը, բրիտանական հատուկ ծառայողների մի ոչ մեծ խումբ ամերիկյան զինվորականների հետ գտնվում է երկրի այլ շրջաններում, այդ թվում հարավային Գիլմենդում։
Թերթի աղբյուրը հայտարարել է, որ բրիտանական զորքերի դուրսբերումը երկրից կշարունակվի միայն այն դեպքում, եթե «Թալիբան» շարժումը կատարի իր պարտավորությունները, որոնք նախատեսված են ԱՄՆ-ի հետ կնքված համաձայնագրով, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Փետրվարի 29-ին Դոհայում ԱՄՆ-ի եւ «Թալիբան» արմատական շարժման միջեւ ստորագրվել է խաղաղ համաձայնագիր։ Պայմանավորվածությունների համաձայն, ԱՄՆ-ը, նրա դաշնակիցները եւ կոալիցիան 14 ամսվա ընթացքում մտադիր են հանել իրենց զորքերը Աֆղանստանից։ Բացի այդ, Վաշինգտոնը պարտավորվել է նպաստել, որ մինչեւ մայիս ՄԱԿ պատժամիջոցների ցուցակից թալիբներին հանեն, իսկ մինչեւ օգոստոս չեղարկվեն նրանց հանդեպ ամերիկյան սահմանափակումները։





























