Նյու Յորք նահանգի գերագույն դատարանը հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնին 23 տարվա բանտային ազատազրկման է դատապարտել, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Դատապարտյալը դահլիճում ձեռնաշղթաներով եւ սայլակով է հայտնվել, մարտի սկզբին նա սրտի ստենդավորման վիրահատության է ենթարկվել։
«Մեղադրանքի առաջին կետով դուք դատապարտվում եք 20 տարվա, երկրորդ կետով՝ 3 տարվա ազատազրկման»,- հայտարարել է դատավոր Ջեյմս Բերքը։
Փետրվարին ատենակալները պրոդյուսերին մեղավոր էին ճանաչել ասիստենտուհի Մարիամ Հալեյիին օրալ սեքսի հարկադրելու, ինչպես նաեւ ոճաբան Ջեսիկա Մանին բռնաբարելու մեջ։
Մեղադրող կողմը այդ հոդվածներով պահանջել էր առավելագույն՝ 29 տարվա պատիժ։ Պաշտպանությունը 67-ամյա Վայնշտեյնի համար 5 տարի էր խնդրել՝ «հաշվի առնելով, որ նա կարող է մինչեւ այդ ժամկետի վերջն էլ չապրել»։
Պրոդյուսերին արդարացրել են առաջադրված երեք այլ մեղադրանքներով, որոնց համար նրան ցմահ ազատազրկում էր սպառնում։
Հոլիվուդում աղմկահարույց սկանդալը բռնկվել էր, երբ ԱՄՆ ամենազդեցիկ պրոդյուսերներից Վայնշտեյնին մեղադրել էին տասնյակ կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ, որոնց թվում են եղել հանրահայտ դերասանուհիներ Անջելինա Ջոլին, Ումա Թուրմանը եւ Էշլի Ջադը: Վայնշտեյնը մեղադրանքների ալիքի ֆոնին հեռացվել էր սեփական ընկերությունից, իսկ Նյու Յորքի իշխանությունները նրա դեմ հետաքննություն էին սկսել: Պրոդյուսերը հերքում է իրեն առաջադրված մեղադրանքները:
Վայնշտեյնի դեմ մեղադրանքներն են ընկած սեռական ոտնձգությունների զոհերի #MeToo շարժման հիմքում:





























