Իրաքը եւ Քուվեյթը, որոնք Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) առաջատար արտադրողներից են, Սաուդյան Արաբիայի հետո եւս իջեցրել են նավթի ապրիլյան գները, հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Bloomberg գործակալությունը:

Այդպես, Իրաքը Basrah Light տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսների արժեքն իջեցրել է 5 դոլարով: Ընդ որում, գործակալության աղբյուրների համաձայն, երկրի պետական State Oil Marketing Organization (SOMO)  ընկերությունը հաջորդ ամիս  նախատեսում է ավելացնել արտահանման ծավալը:

Քուվեյթն, իր հերթին, իջեցրել է նավթի գները Ասիայից գնորդների համար մեկ բարելի դիմաց 6 դոլարով, նույնքանով ավելի վաղ Արեւելյան եւ Հարավարեւելյան Ասիայի համար մատակարարումների արժեքն իջեցրել էր Saudi Aramco-ն (Սաուդյան Արաբիա նավթարդյունաբերությամբ զբաղվող ընկերություն):

Ինչպես մարտի 8-ին հաղորդել էր Wall Street Journal-ը, վկայակոչելով սաուդյան պաշտոնյայի, գների այս իջեցումն ուղղակիորեն ուղղված էր ռուսական դիրքերի թուլացմանը: Պարբերականը շեշտում է, որ սաուդյան կողմը նման քայլի է դիմել մարտի 6-ին ՕՊԵԿ+-ի երկրների կողմից նավթի արդյունահանման լրացուցիչ կրճատման շուրջ բանակցությունների ձախողումից հետո, երբ նախարարները չէին կարողացել համաձայնության գալ նավթի արդյունահանման կրճատման գործարքի հետագա պարամետրերի շուրջ: ՕՊԷԿ-ն առաջարկել էր մինչեւ այս տարվա ավարտը լրացուցիչ կրճատել նավթի արդյունահանումն օրական 1.5 միլիոն բարելով, սակայն Ռուսաստանը չէր համաձայնել:
Ապրիլ ամսից արտահանության բոլոր սահմանափակումները կվերացվեն:

Երեքշաբթի օրը Reuters-ը, վկայակոչելով Saudi Aramco-ի ղեկավար Ամին Նասերին, հայտնել էր, որ ընկերությունն ապրիլին կավելացնի նավթի մատակարարումները մինչեւ 12.3 միլիոն բ/օ, թեեւ մինչ այդ թագավորությունն ՕՊԵԿ+-ի համաձայնագրի շրջանակներում պահպանում էր արդյունահանումը 9.7 միլիոն բ/օ-ի սահմաններում: Ապա չորեքշաբթի օրն Արաբական Միացյալ Էմիրությունների ADNOC նավթային ընկերությունը հայտարարեց, որ հաջորդ ամսվանից կավելացնի արդյունահանումն ավելի քան 1 միլիոն բ/օ-ով:

Մարտի 9-ին ՕՊԵԿ-ում աղբյուրներից մեկը տեղեկացրել էր, որ Սաուդյան Արաբիան, այնուամենայնիվ, Ռուսաստանի Դաշնությանը գնային պատերազմ չի հայտարարել եւ Ռուսաստանին նավթի շուկայում ամենակարեւոր գործընկերն է համարում: