Սաուդյան Արաբիան պատրաստվում է Եվրոպա մատակարարել նավթի մեծ ծավալներ, որը ռուսական հումքից շատ ավելի էժան կլինի, հայտնում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին:

Նրանց տեղեկություններով՝ Սաուդյան Արաբիան եվրոպական նավթավերամշակման գործարաններին առաջարկում է նավթի մատակարարումներ, որոնք 3 անգամ գերազանցում են թագավորությունից Եվրոպա հումքի մատակարարումների սովորական ծավալները:

Գործակալությունը հայտնում է, որ Սաուդյան Արաբիայից նավթի մատակարարումները աննախադեպ զեղչերի հանրագումարում եվրոպական նավթային շուկան վերածում են Էր Ռիադի եւ Մոսկվայի միջեւ գնային պատերազմում շահերի վերաբաժանման կարեւոր ոլորտ: «Սաուդյան Արաբիան իր Arab Light մակնիշի հիմնական նավթը Ռոտերդամ մատակարարումներով առաջարկում է բարելի դիմաց շուրջ 25 դոլար գնով, ինչը ահռելի զեղչ է ռուսական Urals նավթի գնի համեմատությամբ»,- նշում է գործակալությունը:

Աղբյուրները հայտնել են, որ եվրոպական նավթավերամշակման գործարանները, այդ թվում այնպիսի ընկերությունների, ինչպիսին են Royal Dutch Shell-ը, BP-ն, Total-ը, OMV-ը, Repsol-ը եւ Cepsa-ն, Saudi Aramco-ից նավթի մատակարարումների լիմիտի առաջարկներ են ստացել, որոնք զգալիորեն գերազանցում են ավանդական ծավալները: «Լրացուցիչ մատակարարումների ծավալների դիապազոնը կազմել է 25-ից մինչեւ 200 տոկոս՝ կախված ընկերությունից»,- նշել են աղբյուրները: Նրանց խոսքով՝ Aramco-ն հաստատել է եվրոպական նավթային ընկերություններին մատակարարումների ծավալների մեծացումը: