Հյուսիսային Կառոլինայի նահանգային համալսարանի հետազոտողները տնային կատուներին համարել են վայրի բնության խնդիր, քանի որ նրանք տարեկան սպանում են միլիարդավոր փոքր կենդանիների: Նրանք հայտարարել են, որ երբ տնային կատուներին թույլատրվում է ազատ տեղաշարժվել, նրանք աղետալի ազդեցություն են ունենում տեղի վայրի բնության բնակիչների բազմացման վրա, հայտնում է Planet-Today-ը:
Ուսումնասիրության շրջանակներում գիտնականները հետեւել են Միացյալ Նահանգներից, Բրիտանիայից, Ավստրալիայից եւ Նոր Զելանդիայից 925 տնային կատուների տեղաշարժին եւ կերի հայթայթմանը: Հետազոտողները ուշադրություն են դարձրել շրջակա միջավայրի վրա տնային կատուների ազդեցությանը, ի տարբերություն վայրի կատուների, եւ նրանց հետեւելու համար ներգրավել են հարյուրավոր կենդանիների տերերի: Թիմը GPS սարքերի օգնությամբ հետեւել է տնային կատուների անցած հեռավորություններին։ Նրանք իրենց օրերն անցկացրել են ինչպես ներսում, այնպես էլ դրսում։
Տերերը նաեւ գրանցել են իրենց ընտանի կենդանիների կողմից տուն բերված մահացած արարածերի թիվը, որն այնուհետեւ բաժանվել է այն տարածքի վրա, որտեղ որս են արել կատուները: Որոշակի փոփոխություններ են կատարվել որսի հաշվարկման հարցում, քանի որ կատուները իրենց սպանած ոչ բոլոր կենդանիներին են տուն բերել: Այնուհետեւ տնային կատուների որսը համեմատել են ջունգլիների նույն չափի կատուների որսի հետ, եւ արդյունքները ցույց են տվել, որ տնային կատուները 10 անգամ ավելի մեծ ազդեցություն ունեն վայրի բնության վրա, քան վայրի գիշատիչները: Նման բարձր արդյունք ստացվում է շրջակայքում կատուների բարձր խտության հետեւանքով:
Միաժամանակ, վտանգի ավելի շատ ենթարկվել են գազոնի խոտերում ապրող երիտասարդ ճագարները եւ մուտքերի մոտ նստած թռչունները։ Ամենամեծ վնասները հասցվել են վայրի բնության աղավաղված բնակության վայրերում, ինչպիսիք են բնակելի թաղամասերը: Սպանությունների մեծ մասը կատարվել է իրենց տնից 100 մետր հեռավորությամբ շառավղով տարածքում: Երիտասարդ ու գյուղական վայրերում բնակվող կատուների դեպքում շառավիղը մի փոքր ավելի մեծ է եղել։
Եվ եթե սրան ավելացնենք նաեւ որոշ վայրերում տնային կատուների շատ մեծ խտությունը, ապա թռչունների եւ փոքր կաթնասունների համար վտանգն ավելի մեծ է դառնում:
Ըստ գիտնականների՝ կատուներին փակ տարածքներում պահելը խնդրի հնարավոր լուծում է:





























