Նավթով հարուստ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մոհամմեդ բեն Սալմանին սիրում են եւ նրանից վախում են: Վերջին մի քանի օրում աշխարհն ականատես եղավ նրան, ինչի մասին գիտեին նրա ենթակաները:

Հզոր արքայազնը, որը հայտնի է որպես MBS, չի խուսափի առճակատումից, եթե համարի, որ իր եւ իր թագավորության շահերը սպառնալիքի տակ են:

Անցած շաբաթի Վիեննայում ՕՊԵԿ-ի գագաթաժողովի ժամանակ, երբ Ռուսաստանը մերժեց նավթի արտահանումը կրճատելու նրա կոչը, MBS-ը բարձրացրեց դրույքաչափը՝ մարտահրավեր նետելով Մոսկվային եւ սպառնալով մեծացնել արդյունահանումը Սաուդյան Արաբիայում: Դրանից հետո նավթի գները կտրուկ նվազեցին: Դա ամենակտրուկ անկումն էր 1991 թվականին Քուվեյթում ԱՄՆ-ի կողմից իրաքյան զորքերի ռմբակոծությունից ի վեր:

Սաուդյան Արաբիայի ապագա թագավորը կարծում է, որ Ռուսաստանը «չարաշահում է» նավթի արտահանման համաձայնագիրը, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով Սաուդյան Արաբիայի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրներին:

Արքայազնը, հավանաբար, չի ցանկացել հակազդեցություն հենց այս պահին, կամ էլ, հնարավոր է, որ սխալ է հաշվարկել իր եղբոր՝ Սաուդյան Արաբիայի նավթի նախարարի ունակությունները:

Վիեննայում բանակցություններից հետո շուկաները փոքր-ինչ հանգստացել են, եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զանգել է արքայազնին, որպեսզի քննարկի համաշխարհային էներգետիկ շուկաների վիճակը: Չնայած նրան, որ արքայազնը հասկացրել է, որ այդ հարցը քննարկելու ժամանակ դեռ կա, նա նաեւ հանձնարարել է Aramco ընկերությանը մեծացնել արտահանումը մինչեւ 13 մլն բարել:

Նա չի նահանջում, եւ նրա ռազմավարության մեջ սպառնալիքի նշաններ կան: Եւ համաշխարհային տնտեսության վրա ազդեցությունը դժվար է կանխատեսել:

Շատ միջին վիճակագրական սաուդցիների համար դա այն էր, ինչը նրանք սպասում էին. ուժեղ կառավարիչը ցանկանում է դիվերսիֆիկացնել նավթի վրա հիմնված տնտեսությունը:

MBS-ի բոլոր գործողություններում նկատվում է նրա տասնամյա պայքարը իշխանության համար: Որոշ առումով թագավորությունը վերածվում է «Գահերի խաղի», եւ MBS-ն հաղթող դուրս կգա:

2017 թվականի հունիսին նա հրապարակայնորեն տապալել է զարմիկին՝ նախկին թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Նայիֆ բին Աբդուլազիզին: Մի քանի ամիս անց նա թագավորական ընտանիքի բարձրաստիճան անդամների բանտարկել է Էր Ռիադի ճոխ հյուրանոցում՝ նրանց մեղադրելով կոռուպցիայի մեջ:

Սիրո եւ վախի միջեւ հավասարակշռությունը ամենից ուժեղ նկատվում է թագավորական ընտանիքի վերին շերտերում: Բին Նայեֆն ու թագավորի կրտսեր եղբայրը՝ արքայազն Ահմեդ բին Աբդուլազիզը, վատ պայմաններում են ապրել: Մինչեւ վերջերս բին Նայեֆը գտնվել է տնային կալանքի տակ: Այժմ, որոշ տեղեկություններով, նրան կալանավորել են:

Նրանք երկուսն էլ կարող են հավակնել թագավորի աթոռին, սակայն MBS-ն մտավախություն ունի, որ այն կարող են իր ձեռքից խլել:

Եվ Սաուդյան Արաբիայի թագավորական պայքարի նկատմամբ նրա աննախադեպ մոտեցումը արտացոլում է նրա պահվածքը համաշխարհային հարթակում:

Նա սիրում է հաղթել կամ էլ վախենում է պարտվել եւ պատրաստ է խաղալ ամենաբարձր դրույքաչափերով: Օրինակ, Vision 2030 բարեփոխումների նրա ծրագիրը պահանջում է, որպեսզի մեկ բարելի դիմաց գրեթե 60 դոլարից բարձր նավթի գներն անվնաս լինեն: Ռուսաստանի հետ նրա ռազմավարությունը նվազեցրել է նավթի գները գրեթե 2 անգամ, ինչը դանդաղեցնում է այդ նպատակներին հասնելը:

Կարճ ասած՝ նա մոլի խաղեր է խաղում իր ռուս ենթադրյալ դաշնակից Վլադիմիր Պուտինի հետ։ Եթե MBS-ը հաղթի, նա կստանա շուկայի մասնաբաժինը եւ գլոբալ կարգավիճակ՝ որն այդքան անհրաժեշտ է նրան սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությունից հետո։

Սակայն եթե նույնիսկ դա մոռացվի, բին Սալմանը արդեն անհաջողություն է կրել նավթից Սաուդյան Արաբիան առանձնացնելու իր հիմնական նպատակի մեջ, քանի որ նրա լծակները ամբողջությամբ հիմնված են նավթի վրա։

Մինչ այժմ հայտնի չէ, թե որքան կտեւի արքայազնի եւ Պուտինի նավթային հակամարտությունը։

Եթե արքայազնը այդպես շարունակի, նրա հարաբերությունները Թրամփի հետ կբարդանան, էլ չասենք, որ չի կարող կատարել տրանսֆորմացիոն փոփոխությունների իր խոստումը հայրենակիցներին։

Ինչ էլ անի արքայազնը, նրա մարտավարությունը կրկին ստուգման կենթարկվի։ Այս տարի Սաուդյան Արաբիայում կանցկացվի G20 գագաթաժողով, եւ պետք է օգնեն իրենց տարեց հորը՝ Սալման թագավորին, կատարել նախագահի պարտականությունները՝ ճանապարհ բացելով համաշխարհային տնտեսության վերակենդանացման համար։