Այն դեպքում, երբ ճանապարհորդությունների ինդուստրիայի մեծ մասը տուժում է կորոնավիրուսի տարածման պատճառով, մասնավոր օդանավերի ինդուստրիան վերելք է ապրում:

Մասնավոր օդանավերի վաճառքի շվեյցարական միջնորդ Luna Jets-ի տնօրեն Ալեն Լեբուրսիեն CNN Travel-ի հետ հարցազրույցում ասել է, որ վերջին շաբաթներին նկատվում է ուղեւորների պատվերների եւ հայտերի թվի «տպավորիչ աճ»: Լեբուրսիեի խոսքով՝ փետրվարին բոլոր հայտերի մոտ 15 տոկոսը կապված էր կորոնավիրուսի հետ, հիմա դրանց թիվը կրկնապատկվել է՝ հասնելով մինչեւ 30 տոկոսի:

«Մենք մոտ 200 հայտ ենք ստացել [կիրակի]: 200 հայտից 60-ը ստացվել է կորոնավիրուսի տարածաշրջաններից,- հավելել է  Լեբուրսիեն: - Մարդիկ կա՛մ ցանկանում են փախչել, կա՛մ շտապ գործեր ունեն»:

PrivateFly չարթերային մասնավոր օդանավերի մատակարարը նշել է պահանջարկի ավելի մեծ աճի մասին, քանի որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ից 26 եվրոպական երկրներ ուղեւորությունների սահմանափակումների մասին:

Գլխավոր տնօրեն Ադամ Թվիդելի խոսքով՝ ընկերությունը «զգալի թվով հայտեր» է ստանում ներկայումս Եվրոպայում գտնվող ամերիկացիներից, որոնք ձգտում են ԱՄՆ վերադառնալ: