Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն եւ ԱՄՆ ուղեւորության ընթացքում նրան ուղեկցած պատվիրակության անդամները նոր կորոնավիրուսի անալիզներ են հանձնել այն բանից հետո, երբ նրա աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյանի մոտ վարակի առկայություն են հաստատել, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Երկրի 65-ամյա ղեկավարից բացի, անալիզներ են հանձնել նաեւ նրա կինը, որդին, մի շարք նախարարներ։
Արդյունքները պատրաստ կլինեն ուրբաթ օրը, մարտի 13-ին։ Մինչ այդ պետության ղեկավարին խորհուրդ է տրվել չհեռանալ նստավայրից։
Նախօրեին պարզվել էր, որ Բոլսոնարուի մամուլի ծառայության ղեկավար Ֆաբիո Վայնգարտենի մոտ, որը նույնպես եղել էր պատվիրակության կազմում, կորոնավիրուս է հայտնաբերվել։ Հաղորդվում էր նաեւ, որ ուղեւորության ընթացքում նա եղել է նախագահի կողքին եւ անմիջականորեն շփվել է նրա հետ։ Բացի այդ, անցյալ շաբաթ պաշտոնյան Instagram-ի իր էջում տեղադրել էր լուսանկար, որում նա կանգնած է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ փոխնախագահ Մայքլ Փենսի կողքին։





























