Մեծ Բրիտանիայի իշխանությունները կորոնավիրուսի համաճարակին հակազդելու նոր միջոցներ են ձեռնարկում: Բրիտանիայում կորոնավիրուսի դեմ պայքարը մտնում է հաջորդ՝ վիրուսի տարածման դանդաղման փուլ, ասել է վարչապետ Բորիս Ջոնսոնը, հայտնում է BBC-ն:

Հինգշաբթի երեկոյան Բրիտանիայում գրանցվել է հիվանդության 596 հաստատված դեպք եւ մահվան 10 դեպք: Երկրում անցկացվել է գրեթե 30 000 թեսթ:

Փորձագետները, այդ թվում՝ կառավարության կազմում ընդգրկվածները, ընդգծում են, որ պաշտոնական թվերը միայն սառցաբեկորի գագաթն են: Ինչպես ցույց է տալիս այլ երկրների փորձը, մեծ թվով վարակված մարդիկ միայն մեղմ ախտանիշներ են ունենում, չեն դիմում բժշկի եւ վիրուսը ոտքի վրա են տանում: Բայց նրանք վարակի փոխանցողներ են: Հետեւաբար, մոտավոր գնահատականների համաձայն, Բրիտանիայում կարող է արդեն 5-10 հազար վարակված լինել:

Քաղաքացիները, նույնիսկ հիվանդության մեղմ ախտանիշներով, պետք է առնվազն յոթ օր տանը մնան:

Տարեցներին նույնպես խստորեն խորհուրդ է տրվում առաջիկա շաբաթներին դուրս չգալ իրենց տներից։

Կառավարությունը քննարկում է մարզական եւ հանրային միջոցառումները չեղյալ հայտարարելու հնարավորությունը: Դպրոցները դեռ չեն փակվում, սակայն դա տեղի կունենա որոշակի դեպքերում, եթե հայտնվեն վարակի օջախներ:

Արգելվում են դպրոցների արտասահմանյան ուղեւորությունները: Քրոնիկ հիվանդություններով տարեց մարդկանց խորհուրդ է տրվում չեղարկել շրջագայությունները:

Հինգշաբթի մամուլի ասուլիսում Ջոնսոնը նախազգուշացրել է, որ դեպքերի թիվը կտրուկ աճում է, եւ այժմ կառավարության առջեւ վիրուսի տարածումը դանդաղեցնելու խնդիր է դրված:

Համաճարակի գագաթնակետը Բրիտանիայում, ըստ կառավարության փորձագետների, սպասվում է 10-14 շաբաթ հետո:

Վարչապետի խոսքով՝ եթե վիրուսի գագաթնակետը հետաձգվի մի քանի շաբաթով, դա առողջապահական համակարգին պատրաստվելու հնարավորություն կտա: