Ամուլսարի հանքի բացման դեմ պայքարող քաղաքացիների մեծամասնությունն այսօր չի մասնակցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հանրահավաքին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը:

«Ես չեմ մասնակցել, քանի որ Ջերմուկում «Այո» են քարոզում նախկին հանրապետականները ու ես իմ ապրած տարիների ընթացքում միշտ ձգտել եմ հանրապետականի քարոզածի հակառակն անեմ: Ես չեմ կարող «Ոչ» քվեարկեմ, դա իմ սկզբունքներին դեմ է, բայց իրենց քարոզած «Այո»-ին  էլ չեմ կարող մասնակցել ու հիմնական պատճառը դա էր»,-ասաց նա:

Բունիաթյանի խոսքով` Ամուլսարի պահապանների մեծամասնության չմասնակցել այսօրվա քարոզարշավին դեռ չի նշանակում,որ իրենք «Ոչ» են ասում, կամ բոյկոտում են հանրաքվեն:

«Մեզ պետք էր համ էլ, որ Փաշինյանն էլ տեսներ, որ մենք մի քանի տասնյակ չենք, ինչպես «Լիդիան»-ն է ասում, այլ ավելի շատ: Մեզ պետք էր, որ ինքը տեսներ` մեր պոստերում ինչքան մարդ կա հավաքված եւ եթե այնտեղ չլինենք, դա անպայման կերեւա»,-ասաց նա:

 Ամուլսարի հանքի շահագործման դեմ արդեն երկրորդ տարին պայքարող ակտիվիստը նշեց, որ Փաշինյանի հետ իրենց քննարկման ժամանակ ոչ մի կոնկրետ որոշում  վարչապետը չի ներկայացրել Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված: