Մոսկովյան օդակայանների տարածքներում տեղակայված բարերում ու ռեստորաններում կարգելվի թունդ ոգելից խմիչքների վաճառքը։ Այս մասին այսօր գրում է «Վեդոմոստի» թերթը։ Պարբերականի տվյալների համաձայն, սեպտեմբերի սկզբից մոսկովյան օդակայանների բարերում ու ռեստորաններում հաճախակի են դարձել դատախազների այցերը։ «Շերեմետեւո»-ում ստուգումներն ավարտվել են, «Դոմոդեդովո»-ում եւ «Վնուկովո»-ում՝ դեռեւս շարունակվում են։

Ինչպես հաղորդել է թերթի աղբյուրը, ստուգողները վկայակոչում են սպիրտի եւ ալկոհոլային արտադրանքի արտադրության ու շրջանառության պետական կարգավորման մասին օրենքը, որի 16-րդ հոդվածը արգելում է 15%-ից բարձր սպիրտայնությամբ ոգելից խմիչքների իրացումը քաղաքացիների զանգվածային կուտակման ու խիստ վտանգավոր աղբյուրների գտնվելու վայրերում, որոնց շարքին են դասվում նաեւ օդակայանները։ Ռեստորանների կողմից խախտումները շտկելուն հատկացվել է 60 օր՝ սպառնալիքով, որ հաստատությունը 3 ամսով կփակվի, եթե շարունակվի թունդ ոգելից խմիչքների վաճառքը։