Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման երկու նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ հայկական Սփյուռքի դիրքորոշումը լավ հայտնի է: Խոսքը, հայ համայնքների գերակշռող մեծամասնության մասին է: Սակայն կան եւ ուղիղ հակադիր կարծիքներ, հայտնում է Թուրքիայի հայերի «Ակոս» թերթը՝ իր էջերում հղում անելով որոշ թուրքահայերի խոսքին, հիմնականում հասարակ ժողովրդի ներկայացուցիչների:
Օրինակ, 67-ամյա տնային տնտեսուհի Լեռնա Կույումչուի եւ 18-ամյա ուսանողուհի Թամիբա Թոփարլակի դիրքորոշումն արտահայտված է հետեւյալ խոսքերում. «Անհրաժեշտ է բացել սահմանները, որ երկու ժողովուրդներն էլ թարմ օդ շնչեն: Մենք ժամանակի ընթացքում այս պայմաններում ժանգոտել ենք»:
43-ամյա Վարդգես Հերգելն ասում է, որ «որպես թուրքահայ, կարծում եմ՝ այդ արձանագրությունների ստորագրումը լավ սկիզբ է, չնայած առանձնահատուկ պատրանքներ չեմ տածում: Այդուհանդերձ ստատուս-քվոյի կողմնակիցները չեն կարող մարդկանց ստիպել իրար նկատմամբ բարեկամական զգացմունքներ տածել: Իմ երազանքն է որ մի գեղեցիկ օր սահմանը հատեմ իմ թուրք ընկերոջ՝ Սաֆակի հետ: Բայց նույնիսկ եթե ինձ ու իմ ընկերոջը դա չհաջողվի, հուսով եմ՝ դա կանեն մեր զավակները»:
Պարբերականը ներկայացնում է նաեւ այլ հայերի նման բովանդակությամբ խոսքեր, ինչն ապացուցում է, որ մարդը ստեղծված չէ ուրիշի նկատմամբ թշնամություն տածելու՝ չնայած ազգային, կրոնական պատկանելությանն ու աշխարհընկալմանը: Մարդը կորցնում է իր մարդկային արժանապատվությունը՝ այդ թվում, այսպես կոչված, գաղափարախոսական տեսությունների պատճառով, ինչը հետագայում նրա համար սովորական երեւույթ է դառնում:




























