Մալտայի իշխանությունները սահմանել են 14-օրյա կարանտին հանրապետության տարածք բոլոր ժամանողների համար: Նոր կորոնավիրուսի տարածման պատճառով այդպիսի միջոցառումների մասին ուրբաթ հայտարարել է Մալտայի վարչապետ Ռոբերտ Աբելան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Պարբերականի տեղեկություններով՝ բոլոր ժամանածները կինքնամեկուսացվեն երկու շաբաթով:
«Եթե որեւէ մեկը խախտի կարանտինը, ապա նա պետք է վճարի տուգանք 14 հազար դոլարի չափով,- Times of Malta թերթը մեջբերում է քաղաքական գործչի խոսքերը:-Մենք թույլ չենք տա, որ մարդիկ չպահպանեն կարանտինի պայմանները»:
Որոշումն ուժի մեջ է մտնում ուրբաթ, նշում է պարբերականը:
Ավելի վաղ Մալտան կասեցրել էր տրանսպորտային հաղորդակցությունը Գերմանիայի, Շվեյցարիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի եւ Իտալիայի հետ: Թերթի տեղեկություններով՝ Մալտայում գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակվելու 12 դեպք:





























