Ուկրաինայի առողջապահության նախարարության նոր ղեկավար Իլյա Եմեցը Գերագույն ռադայի ազգի առողջության հարցերի կոմիտեի նիստի ժամանակ իր հայտարարության մեջ հիշատակել է, որ կորոնավիրուսի հետեւանքով «կմահանան բոլոր թոշակառուները», հայտնում է Comments.ua-ն:
Իր Facebook-յան էջում սկանդալային հայտարարության մասին գրել է «Ձայն» կուսակցության ժողովրդական պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը: Նրա խոսքով՝ նախարարի հայտարարությունը հեռարձակել է ուկրաինական «Ռադա» հեռուստաալիքը, ինչպես նաեւ, որ «դա չի համապատասխանում իրականությանը»:
«Նախարարի առաջ հարց դրեցի, սխալն ուղղելու հնարավորություն տվեցի: Պատասխանն այնպիսին էր, որ հասկանալի չէ՝ հանդարտեցրեց, թե ավելի մեծ խուճապ հարուցեց»,- գրել է ժողովրդական պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը:
Պարբերականը նաեւ հստակեցնում է, որ առողջապահության նախարարի ամբողջական արտահայտությունը հետեւյալ կերպ է հնչում՝ «երեխաները չեն հիվանդանում, իսկ թոշակառուները կմահանան»: Իլյա Եմեցն ավելի ուշ ներողություն է խնդրել իր սխալ ձեւակերպման համար:
«Ներողություն եմ խնդրում, որ ինչ-որ տեղ ինչ-որ բան այնպես չեմ ասել»,- պատասխանել է նախարարը:





























