Հպարտությամբ հայտնում եմ, որ հայկական Krisp ընկերությունն աշխարհում հեռահար աշխատանքի ծրագրերի առաջին հնգյակում է ըստ Ֆորբս պարբերականի: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

«Այն արհեստական բանականության վրա հիմնված տեխնոլոգիա է,որը հնարավորություն է տալիս մեկուսացնել շրջապատի ձայները»,-նշել է նա:

Նշենք, որ Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով հեռահար աշխատանքի համար նախատեսված տեխնոլոգիաների ցանկում hայկական Կրիսպ (Krisp) ընկերությունն իր աղմուկի հեռացման հայտնի հավելվածով հայտնվել է Ֆորբս պարբերականի լավագույն 5 հավելվածների շարքում։

Ընկերությունից նաև տեղեկացրել են, որ պատրաստվում են անվճար փաթեթներ տրամադրել հայկական կազմակերպություններին։

Կրիսպը (Krisp) հեռախոսային խոսակցությունների ընթացքում աղմուկը վերացնող ամենաորակյալ տեխնոլոգիան է աշխարհում։ Ծրագիրը հիմնված է արհեստական բանականության և մեքենայական ուսուցման մեթոդների վրա:

2018թ.-ին Կրիսպը (Krisp) միջազգային ProductHunt հարթակում ճանաչվել է նաև տարվա լավագույն ապրանք:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի կանխարգելիչ միջոցառումներից ելնելով ողջ աշխարհում հեռահար աշխատանքի են անցել մի շարք ընկերություններ տասնյակ հազարավոր աշխատակիցներով և Կրիսպը (Krisp) լավագույն հնարավոր գործիքներից է նման աշխատանքի համար: