Սպիտակամորթիկների պաշտպանության միջազգային օրը (International Day of Action for the Seals) աշխարհի շատ երկրներում ամեն տարի նշվում է մարտի 15-ին։ Այն հիմնադրվել է Կենդանիների պաշտպանության միջազգային հիմնադրամի (IFAW) նախաձեռնությամբ, գրում է Calend.ru-ն։

Սպիտակամորթիկները՝ գրենլանդական փոկերի ձագերը, արդեն շատ տասնամյակներ որսի օբյեկտ են առաջին հերթին իրենց հրաշալի մորթու համար։ Հենց այդ մորթու պահանջարկը, որը հաճախ պայմանավորված է մոդայով, այլ ոչ թե օրհասական անհրաժեշտությամբ, դրդում է մարդուն ոչնչացնել հսկայական թվով գազանիկների։ Դեռեւս մի քանի տարի առաջ նրանց մորթին կարելի էր օրինական վաճառել Եվրոպայում, Ռուսաստանում, Չինաստանում եւ շատ այլ երկրներում։

Գրենլանդական փոկերը ապրում են Հյուսիսային Ատլանտիկայում, Սպիտակ, Բարենցի, Կարսյան եւ Գրենլանդական ծովերում։ Էգ փոկը հղիանալուց հետո 11 ամիս կրում է ձագին, իսկ գարնանը մեծահասակ էգերն ու արուները ծովից բարձրանում են սառույցի վրա, որպեսզի այնտեղ լույս աշխարհ գա իրենց սերունդը՝ հրաշալի եւ անպաշտպան սպիտակամորթիկները։

Ծնվելուց հետո մոտ երկու շաբաթ, քանի դեռ էգը կերակրում է կաթով, սպիտակամորթիկը ձյան պես ճերմակ է մնում։ Հենց այդ մորթու համար էլ տարեկան հազարավոր սպիտակամորթիկներ են զոհվում, ընդ որում նրանց սպանությունը կատարվում է շատ դաժանորեն՝ նրանց մահացու հարվածներ են հասցնում երկաթյա ձողերով։

Սպիտակամորթիկների սպանության դեմ առաջինը հանդես է եկել Կենդանիների պաշտպանության միջազգային հիմնադրամը, որը այդ խնդրի վրա է հրավիրել հասարակության լայն զանգվածների ուշադրությունը։ Պաշտպաններին միացել են նորանոր մարդիկ, որոնք չէին կարող անտարբեր մնալ նրանց նկատմամբ բարբարոս եւ անիմաստ վերաբերմունքի հանդեպ։ Ամեն տարի մարտին աշխարհով մեկ կազմակերպվում էին հազարավոր մարդկանց մասնակցությամբ ցույցեր եւ պիկետներ։ Այդ ակտիվ գործունեության շնորհիվ աշխարհի շատ երկրների իշխանությունները ստիպված էին տնտեսական միջոցներ ձեռնարկել, որպեսզի սպիտակամորթիկների որսն անշահավետ դառնար։ Իսկ սկսած 1986 թվականից՝ ԱՄՆ-ում, Մեքսիկայում եւ Եվրոպայի երկրներում սպիտակամորթիկների ներկրումն ու վաճառքն ընդհանրապես արգելվեց։ Այսօր Եվրամիության երկրներում նույնիսկ անկրթություն է համարվում հասարակական վայրերում սպիտակամորթիկների մորթուց հագուստով հայտնվելը։