Բելգիացիները «չեղարկել» են կորոնավիրուսի կապակցությամբ սահմանված համազգային խիստ կարանտինի առաջին օրը տարերային տոնախմբություններով ու երեկույթներով ամբողջ երկրում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Կիրակի թագավորության առողջապահության նախարար Մեգի Դե Բլոկն անվանել է այդ գործողություններն անպատասխանատու, որոնք զրոյացնում են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում իշխանությունների բոլոր ջանքերը:
Վերջին տվյալներով՝ կիրակի Բելգիայում վարակվածների թիվը հասել է 886-ի, մահացել է 4 մարդ, հայտնաբերվել է 197 նոր դեպք: Բնականաբար, այդ թվերը չեն արտացոլում մարդկանց զանգվածային հավաքների արդյունքը, հիվանդությունն արտահայտվում է միայն 7-10 օր անց:
Համապետական կարանտինը Բելգիայում սահմանվել էր լույս շաբաթ գիշերը, եւ կտեւի որպես կանոն մինչեւ ապրիլի 3-ը: Փակվել են կրթական, մշակութային եւ հասարակական հաստատությունները, ուսանողները եւ աշակերտներն անցել են հեռահար ուսուցման, արգելվում են զանգվածային եւ մասնավոր միջոցառումներն անկախ դրանց մասնակիցների թվից: Բոլոր մասնավոր ընկերություններին խորհուրդ է տրվում աշխատակիցների աշխատանքը կազմակերպել տնից: Կրճատվում են պետական հաստատությունների աշխատաժամերը:
Առանց փոփոխությունների են աշխատում միայն արտակարգ ծառայությունները, տրանսպորտն ու խանութները: Մարդկանց խորհուրդ է տրվում առանց անհրաժեշտության դուրս չգալ փողոց եւ նվազագույնի հասցնել երթեւեկությունը հանրային տրանսպորտով:





























