Լիբանանի կառավարությունը հայտարարել է մարտի 18-ից 29-ը Բեյրութի միջազգային օդանավակայանի, ցամաքային եւ ծովային սահմանների փակման մասին` երկրում նոր կորոնավիրուսի համաճարակի սպառնալիքի պատճառով: Այս մասին կիրակի հայտարարել է երկրի տեղեկատվության նախարար Մանալ Աբդել Սամադը:
«Մենք այս որոշումը կայացնում ենք` հիմնվելով առողջապահության ոլորտում ստեղծված արտակարգ իրավիճակի վրա, որը բոլոր ջանքերի մոբիլիզացում է պահանջում՝ վտանգավոր վարակների դեմ պայքարի համար»,- ասաց նախարարը Բաաբդա պալատում կայացած մամուլի ասուլիսին, փոխանցում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Tele Liban-ը:
Աբդել Սամադը նշել է, որ կառավարության` արտակարգ միջոցառումներ նախատեսող ծրագրի համաձայն, ամբողջ երկրում 15-օրյա կարանտին է հայտարարվել: «Պետական հաստատությունները, ուսումնական եւ նախադպրոցական հաստատությունները եւ մասնավոր ձեռնարկությունները կփակվեն, բացառությամբ` սննդի անվտանգության ապահովման: Քաղաքացիներին հանձնարարված է մնալ տանը եւ դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում»,- ասել է Աբդել Սամադը: Հիվանդանոցները, ուժային կառույցները եւ կենսական նշանակության հաստատությունները կգործեն արտակարգ ռեժիմով:
Փետրվարի 29-ին լիբանանյան իշխանությունները դադարեցրել էին դասընթացները դպրոցներում եւ համալսարաններում` կորոնավիրուսի վտանգի պատճառով: Մարտի 6-ից փակվել են թանգարանները, ցուցասրահները, կինոթատրոնները, մարզադաշտերը եւ զվարճանքի կենտրոնները: Մարտի 12-ին ճգնաժամային շտաբը որոշում էր կայացրել փակել ռեստորանները, սրճարանները, պանդոկները, խորտկարանները եւ հրուշակեղենի խանութները:
Բոլոր լիբանանցիներին, ովքեր գտնվում են Ֆրանսիայում, Իսպանիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Եգիպտոսում, Իրաքում եին Սիրիայում, մինչեւ մարտի 16-ը կարգադրվել է վերադառնալ հայրենիք: Փետրվար ամսվա վերջին դադարեցվել էր օդային հաղորդակցությունը վարակի տարածման հիմնական օջախների` Իտալիայի, Իրանի, Հարավային Կորեայի և Չինաստանի հետ:





























