Արգենտինայի կառավարությունը որոշում է ընդունել կորոնավիրուսի դեմ պայքարի համար փակել երկրի սահմանները: Այս մասին հայտնել է երկրի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Հաջորդ 15 օրվա ընթացքում Արգենտինայի սահմանները փակ կլինեն»,- ասել է նա: Նրա խոսքով՝ կառավարությունը դիմել է այդ քայլին, քանի որ կորոնավիրուսի դեպքեր կան ոչ միայն Եվրոպայում, այլ նաեւ հարեւան երկրներում: Նա նաեւ հայտնել է, որ երկրից դուրս գալը հնարավոր է: Նախագահը նշել է, որ մինչեւ մարտի վերջ փակ կլինեն ուսումնական հաստատությունները:

Մարտի 3-ին Արգենտինայում հաստատվել էր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Այս պահի դրությամբ երկրում հաստատվել է վարակման 56, մահվան 2 դեպք: Մարտի 12-ին Ֆերնանդեսը երկրում արտակարգ դրություն է հայտարարել: Դադարեցվել է Եվրոպայի եւ ԱՄՆ-ի հետ ավիահաղորդակցությունը, չեղարկվել են զանգվածային միջոցառումներն ու 30 օրով արգելվել է անձանց մուտքը երկիր, որոնք այցելել են պետություններ, որտեղ տարածված է կորոնավիրուսը: