Ճnապոնիայի Կառավարությունը, պլանի համաձայն, նոր թագաժառանգ արքայազն Ակիսինոյի` երկրին եւ աշխարհին ներկայացնելու հանդիսավոր արարողությունը նախատեսում է անցկացնել ապրիլի 19-ին, թեպետ, կորոնավիրուսի տարածման սպառնալիքի հետ կապված, հնարավոր են որոշակի փոփոխություններ: Այս մասին Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդո Սուգան, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Մենք մանրակրկիտ կերպով պատրաստվում ենք արարողությանը,- ասել է նա:- Ընդ որում, կառավարությունը կներդնի բոլոր ջանքերը` վարակի տարածումը կանխելու համար»:
54-ամյա արքայազն Ակիսինոն Ճապոնիայի նոր կայսր Նարուհիտոյի կրտսեր եղբայրն է, ով ստանձնել էր գահը 2019-ի մայիսի 1-ին, այն բանից հետո, երբ նրա հայրը` այժմ նախկին կայսր Ակիհիտոն, կամավոր կերպով վայր էր դրել իր լիազորությունները: Ակիսինոն այժմ առաջինն է դեպի գահը հերթի մեջ, երկրորդը նրա որդին է` 13-ամյա արքայազն Հիսահիտոն:
Ավանդույթի համաձայն` արքայազն Ակիսինոյի` որպես ժառանգորդ պաշտոնական հռչակումը պետք է իրականացվի ապրիլի 19-ին նախատեսված հատուկ արարողության ժամանակ: Այս առիթով ապրիլի 21-ին նախատեսվում է խնջույք անցկացնել կայսերական պալատում, սակայն դրա մասշտաբները կարող են կրճատվել վարակների սպառնալիքի պատճառով, հայտնում է Kyodo լրատվական գործակալությունը:





























