ԱՄՆ նախկին փոխնախագահ 77-ամյա Ջո Բայդենը եւ 78-ամյա սենատոր Բեռնի Սանդերսը, որոնք Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածուներ են, պատմել են, թե ինչպես են պաշտպանվում կորոնավիրուսից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Իմ անձնական փորձից ասեմ՝ ես չեմ սեղմում ոչ մեկի ձեռքը: Ջոյի ձեռքը նույնպես չեմ սեղմել: Ես շատ զգույշ եմ շփվում մարդկանց հետ: Ես շատ օճառ, ախտահանող հեղուկներ եմ օգտագործում: Փառք Աստծո, ես չունեմ որեւէ ախտանիշ եւ դրա համար շնորհակալ եմ»,- Բայդենի հետ հեռուստադեբատների ժամանակ ասել է Սանդերսը:

Իր հերթին, Բայդենն ասել է, որ ինքը վտանգավոր քրոնիկ հիվանդություններ չունի:

«Ինչպես մայրս էր ասում, ամեն ինչ կարող է պատահել, սակայն «փայտին խփենք», ինքնազգացողությունս լավ է: Ես կանխարգելման բոլոր միջոցները կիրառում եմ, որոնք կկիրառեր ցանկացած մարդ 30, 60 կամ 80 տարեկանում: Ես նույնպես չեմ սեղմում ոչ մեկի ձեռքը… Աստված գիտի, թե օրական քանի անգամ եմ լվանում ձեռքերս ջրով եւ օճառով, հակասեպտիկներ եմ օգտագործում, չեմ դիպչում դեմքիս եւ այլն»,- ասել է Բայդենը:

Բացի այդ, քաղաքական գործիչները հայտնել են, որ դադարեցրել են նախընտրական հավաքները եւ իրենց շտաբերի բոլոր աշխատակիցներին կոչ արել տնից աշխատել:

Կորոնավիրուսի պանդեմիան տարածվել է ԱՄՆ-ում նախընտրական քարոզարշավի բուռն ընթացքի շրջանում, ինչի հետեւանքով որոշ նահանգներում քվեարկությունը հետաձգվել է 2-3 ամսով: Դեմոկրատներից միասնական թեկնածուի ընտրությունները, որը մարտահրավեր կնետի հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփին, ծրագրվում է անցկացնել հուլիսին: ԱՄՆ նախագահի համընդհանուր ընտրությունները կկայանան նոյեմբերի 3-ին: