Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ը որոշել է հրաժարվել հոր՝ Խուան Կառլոս I-ի ժառանգությունից կոռուպցիոն սկանդալի պատճառով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Որոշումը կայացվել է այն հրապարակումների ֆոնին, որ պետության նախկին ղեկավարը գումար է ստացել Սաուդյան Արաբիայից:
Նշվում է, որ միապետը որոշել է հրաժարվել նաեւ ցանկացած ակտիվներից, ներդրումներից կամ ֆինանսական կառույցներից: Բացի այդ, Ֆիլիպ VI-ի որոշմամբ պետության նախկին ղեկավարն այլեւս միջոցներ չի ստանա թագավորական պալատի բյուջեից:
El Pais թերթի տեղեկություններով՝ այդ որոշումն ընդունվել է Խուան Կառլոս I-ի ենթադրյալ շվեյցարական հաշվին Սաուդյան Արաբիայից 100 մլն եվրո փոխանցման հետ կապված հետաքննությունից հետո: Հաշիվը, ինչպես ենթադրվում է, բացվել է պանամական ֆոնդի անունով:
Ավելի վաղ մամուլում հրապարակվել էր գործող միապետի հոր ծանոթի՝ Կորիննա ցու Սայն-Վիթգենշթեյնի եւ նախկին ոստիկանապետ դատական գործի ֆիգուրանտ հանդիսացող Խոսե Մանուել Վիլարեխոյի զրույցի մանրամասները: Ենթադրվում է, որ վերջինս էլ ձայնագրել է զրույցը: Զրույցի ընթացքում Սայն-Վիթգենշթեյնն ասել է, որ գահից հրաժարված միապետն իրեն օգտագործել է արտասահմանում գույքը թաքցնելու համար, ինչպես նաեւ պատմել է Շվեյցարիայում հաշիվների առկայության մասին:





























