Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթին կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով կարգադրել է մինչեւ մարտի 31-ը փակել բոլոր կինոթատրոնները, զվարճանքի կենտրոնները, բարերն ու գիշերային ակումբները: Այս մասին հաղորդվում է քաղաքապետարանի կայքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Սահմանափակումներն ուժի մեջ են մտել Լոս Անջելեսի ժամանակով երկուշաբթի կեսգիշերից: Աշխատանքը դադարեցրել են բարերն ու գիշերային ակումբները, կինոթատրոններն ու զվարճանքի կենտրոններն ու մարզադահլիճները: Ռեստորանները փակ են այցելությունների համար, սակայն հնարավոր է սնունդ պատվիրել եւ տանել, ինչպես նաեւ` օգտվել առաքման ծառայությունից:

Գարսեթին եկեղեցիներին եւ կրոնական կենտրոններին կոչ է արել սահմանափակել ժողովներին մասնակցող հավատացյալների թիվը եւ ուսումնասիրել արարողություններն այնպես անցկացնելու հնարավորությունը, որպեսզի մասնակիցների միջեւ որոշակի հեռավորություն ապահովվի:

Լոս Անջելեսի մթերային խանութները կշարունակեն գործել, ընդ որում, քաղաքապետի հրամանում ընդգծվում է, որ մատակարարումների հարցում որեւէ խափանում չի լինի: Գարսեթին նաեւ մորատորիում  է հայտարարել  ճգնաժամի ընթացքում վարձակալված բնակարաններից վարձակալներին վտարելու մասին, եթե վարձակալը չի կարող վճարել վարձավճարը կորոնավիրուսային համաճարակի հետ կապված պատճառներով: