Մոլդովայի խորհրդարանը Մոլդովայի Հանրապետության սոցիալիստների կուսակցությունից եւ Մոլդովայի դեմոկրատական կուսակցությունից մեծամասնություն է ձեւավորել։ Փոխատեղումներ կլինեն նաեւ կառավարությունում։ Համապատասխան համաձայնագիրը երկուշաբթի օրը ստորագրել են օրենսդիր մարմնի նախագահ, ՄՀՍԿ ղեկավար Զինաիդա Գրեչանիյը եւ ՄԴԿ ղեկավար Պավել Ֆիլիպը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք պայմանավորվել ենք խորհրդարանական մեծամասնություն ձեւավորելու մասին եւ ստորագրում ենք համաձայնագիր։ Դա ենթադրում է սոցիալ-դեմոկրատական ուղղվածությամբ հարթակի ստեղծում»,- ասել է Գրեչանիյը։ Նրա խոսքերով՝ նոր մեծամասնությունը կանցկացնի հավասարակշռված արտաքին քաղաքականություն։ «Մենք պարտավորվել ենք կատարել ԵՄ ասոցացման համաձայնագիրը, ինչպես նաեւ միջազգային պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել մինչ այժմ»,- նշել է Գրեչանիյը։

«Մենք ՄՀՍԿ-ի հետ միասին մեզ վրա ենք վերցնում երկրի կառավարման պատասխանատվությունը»,- ասել է Ֆիլիպը։ Համաձայնեցված է, որ Իոն Կիկուի կառավարության մեջ կընդգրկվեն հինգ դեմոկրատներ։

Երկու կուսակցությունների առաջնորդները կոալիցիա կազմելու բանակցությունները անցյալ շաբաթ էին սկսել։ Երկրի նախագահ Իգոր Դոդոնը ողջունել էր այդ որոշումը՝ հույս ունենալով, որ դա թույլ կտա ապահովել երկարաժամկետ քաղաքական կայունություն եւ արդյունավետ իշխանություն ու խուսափել երկրի համար անցանկալի արտահերթ ընտրություններից։

Խորհրդարանում սոցիալիստներն ունեն 36 մանդատ՝ 101-ից, դեմոկրատները՝ 23։ Դա բավարար է, որպեսզի ձեւավորվի խորհրդարանական մեծամասնություն, որի համար առնվազն 51 ձայն է հարկավոր։ Այսպիսով, դեմոկրատների հետ միությունը թույլ կտա սոցիալիստներին քաղաքական աջակցություն ցուցաբերել Կիկուի կառավարությանը, որը նախագահի առաջարկով ձեւավորվել էր անցյալ տարվա նոյեմբերին։ Դրա ծրագիրը եւ կազմը դեմոկրատների աջակցությամբ հավանության էր արժանացել սոցիալիստների կողմից, սակայն քանի որ իշխող կոալիցիան չէր ստեղծվել, կառավարությունը հայտարարվել էր մինորիտար եւ տեխնիկական։