Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է կորոնավիրուսի հետ կապված մի շարք միջոցառումների մասին, որոնք սահմանափակում են սոցիալական շփումները՝ փորձելով դանդաղեցնել կորոնավիրուսի համաճարակի զարգացումը՝ նշելով, որ կառավարությունը փորձում է նվազագույնի հասցնել տնտեսական հետեւանքները։
Նա մամուլի ասուլիսում հայտնել է, որ ոչ մթերային խանութների մեծ մասը կփակվի, իսկ ռեստորանները կաշխատեն սահմանափակ ժամերով եւ կերաշխավորեն սեղանների միջեւ առավելագույն հեռավորությունը։ Ռեստորանները եւ հյուրանոցները բաց կմնան, սակայն էականորեն կկրճատվեն դրանց աշխատանքի ժամերը։
Մասնավորապես, կփակվեն խանութները, բացառությամբ սուպերմարկետների, դեղատների, շինարարական խանութների, ամենշաբաթյա շուկաների եւ այլ առեւտրի կետերի, որոնք առաջին անհրաժեշտության ապրանքներ են վաճառում։ Նախկինի պես կաշխատեն նաեւ բենզալցակայանները, փոստային բաժանմունքները, բանկերը եւ ինքնասպասարկվող լվացքատները։
Որոշվել է նաեւ փակել բարերը, գիշերային ակումբները, թատրոնները, թանգարանները, կազինոները, հասարակաց տները, սպորտային հաստատությունները, խաղահրապարակները եւ այլ հաստատություններ, որոնք մարդկանց կուտակումներ են ենթադրում, հայտնում է DW-ն։
Բացի այդ, արգելվում է կրոնական ծեսերի անցկացումը եկեղեցիներում, մզկիթներում, սինագոգներում եւ այլ կրոնական համայնքների հաստատություններում, ինչպես նաեւ կփակվեն լրացուցիչ կրթության կենտրոնները, երաժշտական դպրոցները եւ այլ ուսումնական հաստատություններ։ Բացի այդ, ստեղծվել են հիվանդանոցներ եւ ծերանոցներ այցելելու նոր կանոններ, արգելվել են ավտոբուսային էքսկուրսիաները եւ հանդիպումները սպորտային եւ այլ ակումբներում։
Բացի այդ, հյուրանոցները, հոսթելները եւ այլ ժամանակավոր կեցության այլ վայրերը Գերմանիայի տարածքում պետք է օգտագործվեն միայն անհրաժեշտության դեպքում, այլ ոչ թե զբոսաշրջային նպատակներով։ Որոշակի սահմանափակման միջոցներ կընդունվեն յուրաքանչյուր դաշնային հողի իշխանությունների կողմից։





























