Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ժնեւյան գրասենյակի երկու աշխատակից վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին երեքշաբթի Ժնեւում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՀԿ խոսնակ Քրիստիան Լինդմայերը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մեր աշխատակիցներից երկուսի մոտ COVID-19 [կորոնավիրուսով պայմանավորված] հիվանդության ախտանիշներ են հաստատվել: Դա տեղի է ունեցել անցած շաբաթ` հինգշաբթի եւ ուրբաթ»,- ասել է նա:

«Նրանք երկուսն էլ տանն են եւ ինքնամեկուսացվել են: Գրասենյակի մեր գործընկերները հետազոտվել են, եւ մենք սպասում ենք լրացուցիչ տեղեկությունների»,- ասել է Լինդմայերը: Նա հիշեցրել է, որ ներկայումս ԱՀԿ գլխավոր շտաբի բոլոր աշխատակիցները տնից են աշխատում:

Իր հերթին, Ժնեւում ՄԱԿ-ի գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Ալեսանդրա Վելուչին, ելույթ ունենալով ճեպազրույցին, հիշեցրել է, որ ավելի վաղ հիվանդությունը հայտնաբերվել էր նաեւ ՄԱԿ-ի` Palais des Nations-ում աշխատող աշխատակիցներից մեկի մոտ: «Այս մարդն իր գործընկերների հետ չի շփվել ախտանիշների ի հայտ գալուց հետո»,- ասել է նա եւ հավելել է, որ ձեռնարկվել են «բոլոր անհրաժեշտ նախազգուշական միջոցառումները»: ՄԱԿ-ի գրասենյակի աշխատակիցների մեծ մասն անցել է աշխատանքի տնային ռեժիմի: Սակայն «ՄԱԿ-ը փակված չէ, եւ հույժ կարեւոր անձնակազմն այստեղ է»,- ընդգծել է Վելուչին:

Երեքշաբթի լրագրողների համար ճեպազրույցն առաջին անգամ անցկացվում էր միայն հեռուստակապի միջոցով` Շվեյցարիայում կորոնավիրուսի տարածման պատճառով: Շվեյցարիայի իշխանությունները եւ ՄԱԿ-ի ժնեւյան շտաբի ղեկավարությունը միջոցներ են ձեռնարկել զանգվածային իրադարձությունները սահմանափակելու համար: Ժնեւում ավելի քան 5 մարդու մասնակցությամբ հավաքներն արգելվում են:

Շվեյցարիայում ավելի քան 2200 դեպք է գրանցվել: Այս պահին հայտնի է 21 մարդու մահվան մասին: Երկրում առաջին դեպքը հայտնաբերվել էր փետրվարի 25-ին: