Ղրղզստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին երեք դեպքը: Այս մասին չորեքշաբթի Բիշքեկում կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է հանրապետության առողջապահության նախարար Կոսմոսբեկ Չոլպոնբաեւը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին երեք դեպքը»,- ասել է նա: Բոլոր երեք հիվանդները նախկինում ուխտագնացություն էին կատարել դեպի Սաուդյան Արաբիա: Նախարարի խոսքով` բոլոր երեք դեպքերը գրանցվել են Ջալալ-Աբադի շրջանում:

Հունվարի վերջին երկրի իշխանությունները որոշում էին կայացրել ժամանակավորապես դադարեցնել գյուղատնտեսական մթերքների, ինչպես նաեւ մսամթերքի ներմուծումը ՉԺՀ-ից, այս արգելքը հետագայում երկարաձգվեց անորոշ ժամկետով:

Հանրապետության բոլոր սահմանային կետերում բժշկական խմբերը շուրջօրյա հերթապահություն են իրականացնում` երկիր ժամանող մարդկանց առողջական վիճակը վերահսկելու համար: Մոտ հազար մարդ, ովքեր ժամանել են համաճարակաբանական անբարենպաստ վիճակով  երկրներից, այժմ գտնվում են հսկողության տակ: Օտարերկրյա քաղաքացիների մուտքը երկիր արգելվում է, օդային եւ երկաթուղային հաղորդակցությունը չեղարկվել է գրեթե բոլոր միջազգային ուղղություններով: Հանրապետությունում նաեւ սահմանափակում է մտցվել զանգվածային մշակութային բոլոր միջոցառումների անցկացման համար:

Չորեքշաբթի Ղրղզստանի իշխանությունները պարզում են այն մարդկանց շփումների շրջանակը, որոնց մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել: