Իտալիայի կառավարությունը կարգադրել է ռազմական բժիշկների եւ ռազմական բժշկական կառույցների մասնագետների ներգրավել կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարում: Նման կետ է պարունակում չորեքշաբթի օրը Իտալիայի նախագահ Սերխիո Մատարելլայի կողմից ստորագրված հրամանը, որը հրապարակվել է Gazzetta Ufficiale թերթում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«2020 թվականին կորոնավիրուսի տարածմանը հակազդելու համար, որպես բացառություն, ժամանակավոր հիմունքներով` ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով, կներգրավվեն նաեւ զինված ուժերի բժիշկները»,- նշվում է փաստաթղթում: Բացի այդ, ռազմական սանիտարական կառույցներից կենսաբանության, քիմիայի եւ ֆիզիկայի ոլորտի ռազմական մասնագետների զինակոչ է հայտարարվել: Հրամանագիրը կառավարությանն իրավունք է տալիս նաեւ որպես ժամանակավոր հիվանդանոցներ օգտագործել հանրային եւ մասնավոր անշարժ գույքի օբյեկտները: Ավելի վաղ հայտարարվել էր, որ չորեքշաբթի օրվանից սկսում է աշխատել Բերգամոյի դաշտային հիվանդանոցը, որտեղ հատկապես մեծ քանակությամբ վարակների դեպքեր են գրանցվել: Նմանատիպ կառույց կկազմակերպվի նաեւ Կրեմոնեյում: Ըստ ANSA գործակալության` դրա ստեղծմանն աջակցություն կցուցաբերեն Չինաստանից եւ ԱՄՆ-ից փորձագետների պատվիրակությունները:

Իտալիան, որտեղ կորոնավիրուսի բռնկումը գրանցվել էր փետրվարի 21-ին երկրի հյուսիսում, ամենաշատն է տուժել համաճարակից (Չինաստանից հետո): Մահացությունների թիվը գերազանցել է 2.5 հազարը: Բռնկումից ի վեր վարակվածների ընդհանուր թիվն ավելի քան 31.5 հազար է, առողջացել է գրեթե 3 հազար մարդ: Վարակվածության տեմպերը չեն նվազում, կորոնավիրուսից մահացության բարձր մակարդակը պահպանվում է:

Մարտի 10-ից կարանտինն ուժի մեջ է մտել ամբողջ երկրի տարածքում, մարդկանց տեղաշարժումն առանց խիստ անհրաժեշտության արգելվում է, բոլոր ուսումնական հաստատությունները, խանութները (բացառությամբ մթերային խանութների եւ դեղատների), ռեստորաններն ու բարերը, սպորտային եւ զվարճանքի օբյեկտները փակ են, տուրիստների մուտքը երկիր եւս արգելված է: