ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը Դեմոկրատական կուսակցության փրայմերիզում վստահ հաղթանակ է տարել 3 նահանգում՝ ավելի ամրապնդելով ԱՄՆ նախագահի նոյեմբերյան ընտրություններում առաջադրվելու պայքարում իր առաջատարությունը, փոխանցում է Reuters-ը:
Արիզոնայում, Իլինոյսում եւ Ֆլորիդայում Բայդենի հաղթանակը կարող է վկայել այն մասին, որ դեմոկրատները պատրաստ են միավորվել նրա թեկնածության շուրջ եւ կենտրոնանալ նոյեմբերի 3-ի քվեարկությանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ պայքարի վրա:
Դրանից բացի, Բայդենի հաջողությունը հարցականի տակ է դրել դեմոկրատների շրջանում նրա մրցակցի՝ սենատոր Բեռնի Սանդերսի նախընտրական արշավը շարունակելու նպատակահարմարությունը: Կուսակցության ղեկավարությունն արդեն մտավախություն է հայտնել, որ կարող է կրկնվել 2016 թվականի իրավիճակը, երբ, նրանց կարծիքով, Հիլարի Քլինթոնի հետ սենատորի երկարատեւ սուր մրցակցությունը իր դերը խաղաց Թրամփին նրա պարտության մեջ:
Բայդենը սենատորին անցել է գրեթե 40 տոկոսային կետով Ֆլորիդայում, 20 տոկոսային կետով՝ Իլինոյսում եւ ավելի քան 10 տոկոսային կետով՝ Արիզոնայում:
«Թույլ տվեք առաջին հերթին երիտասարդ ընտրողներին, որոնց ոգեշնչում է սենատոր Սանդերսը, ասել՝ ես ձեզ լսում եմ: Ես գիտեմ, թե ինչ խաղադրույք է կատարված: Ես գիտեմ, թե մենք ինչ պետք է անենք,- ասել է Բայդենը՝ ելույթ ունենալով իր տանը՝ Դելավեր նահանգում: - Իմ նախընտրական շտաբի եւ իմ՝ որպես նախագահի թեկնածուի նպատակն է այս կուսակցության եւ ազգի համախմբումը»:
Edison Research ընկերության հարցումները ցույց են տվել, որ բոլոր ժողովրդագրական խմբերում, բացի 18-ից մինչեւ 44 տարեկան դեմոկրատներից, Բայդենն ավելի մեծ հանրաճանաչություն է վայելում, քան Սանդերսը: Դրանից բացի, ընտրողների մեծամասնությունը կարծում է, որ Բայդենը կկարողանա ավելի լավ հաղթահարել ճգնաժամային իրավիճակը, իսկ երեք նահանգում 10 հարցվածից 7-ը կարծում է, որ Բայդենը ընտրություններում Թրամփին հաղթելու ավելի մեծ հնարավորություններ ունի:
Բայդենը վերջին երկու շաբաթում փրայմերիզում հաղթել է 21 նահանգից 16-ում: Ընդ որում՝ որոշ նահանգներ կորոնավիրուսի պատճառով քվեարկությունը հետաձգել են:





























