Թուրքիայի «Ձերբակալված լրագրողների համերաշխության պլատֆորմ»-ը (TGDP) ապրիլի 24-ի հետ կապված հայտարարություն է տարածել։

Թուրքական ETHA-ի փոխանցմամբ՝ TGDP-ի տարածած հայտարարության մեջ նշվել է, որ 1915-1917 թվականներին երիտթուրքերի ավազակախմբերի կողմից 1 միլիոն հայ է կոտորվել։ «1915-ի  Ստամբուլից 220 հայ մտավորական է տեղահանվել, որոնց ճանապարհներին կոտորել են։  Այդ ընթացքում սպանված 32 հայ լրագրողների գերեզմանները դեռեւս չեն գտնվել»,-նշվել է հայտարարության մեջ։

TGDP-ն նշել է, որ իրենք հարգանքով խոնհարվում են 1915-ի ապրիլի 24-ին կոտորված բոլոր հայերի հիշատակին եւ կոչ անում Օսմանյան կայսրության իրավահաջորդ Թուրքիային՝ ներողություն խնդրել հայերից, առերեսվել պատմության հետ եւ հրաժարվել մերժողական քաղաքականությունից։ «Հրանտ Դինքի սպանության մեջ իր բաժինն ուներ հայկական կոտորածների նկատմամբ մերժողական քաղաքականությունը»,-նշվել է Թուրքիայի «Ձերբակալված լրագրողների համերաշխության պլատֆորմ»-ի տարածած հայտարարության մեջ։