Ինդոնեզիայի նախագահի, կառավարության անդամների` կորոնավիրուսի թեստերի արդյունքները փակ տեղեկատվություն կդառնան եւ չեն հրապարակվի: Այս մասին հինգշաբթի գրում է The Jakarta Post թերթը` վկայակոչելով հանրապետության `ռողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ահմադ Յուրիանտոյին:
«Մենք չենք հայտնի անալիզների արդյունքների մասին, քանի որ դա երկրի բարձրագույն ղեկավարության առողջության վիճակի ընդհանուր ստուգման մի մաս է»,- պարզաբանել է պաշտոնյան: Նախագահ Ջոկո Վիդոդոն մարտի 15-ին լրագրողներին հայտնել էր, որ նա, իր կինը եւ բոլոր նախարարները կորոնավիրուսի թեստեր են անցել:
Դրանից մեկ օր առաջ իշխանությունները հաստատել էին, որ COVID-19-ը հայտնաբերվել է տրանսպորտի նախարար Բուդի Կարիա Սումադիի մոտ, ով դեռ նախորդ շաբաթ մասնակցում էր կառավարության բոլոր հանդիպումներին, բանակցություններ էր վարում արտասահմանյան գործընկերների հետ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Տեղական եւ արտասահմանյան շատ փորձագետներ քննադատում են երկրի իշխանություններին` կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակի մասին տեղեկատվական փակվածության կապակցությամբ: Նախագահը դա բացատրում է անհրաժեշտ միջոցով` խուճապ չտարածելու համար: Նշենք, որ հանրապետության կառավարությունը միայն մարտի 2-ին` Հարավարևելյան Ասիայի մյուս երկու երկրներից ավելի ուշ, հաստատեց վիրուսի փոխանցման առաջին դեպքերը: Մինչդեռ, հարեւան Սինգապուրի իշխանությունները մինչ այդ օրը մի քանի հիվանդ էին գրանցել, ովքեր վերադարձել էին Ինդոնեզիայից: Բացի այդ, փետրվարին երկրում կորոնավիրուսի ախտանիշներով առնվազն հինգ մարդ էր մահացել: Ջակարտայում պնդում էին, որ կորոնավիրուսի իրենց թեստերը բացասական են, բայց հետո խոստովանեցին կլինիկական փորձարկումներում սխալի հավանականությունը:





























