Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Հու Ցզինտաոն դադարեցրել է իր այցելությունն Իտալիա եւ շտապ վերադարձել հայրենիք: Նա Իտալիա էր ժամանել մասնակցելու համար «Մեծ ութնյակի» գագաթաժողովին, որպես արագ աճող տնտեսություն ունեցող երկրի ղեկավար։ ՉԺՀ ղեկավարի նման քայլը պայմանավորված է Սինցզյան-Ույգուրի ինքնավար շրջանում տեղի ունեցած վերջին դեպքերով, որտեղ էթնիկ բախումների ընթացքում, ըստ պաշտոնական տվյալների զոհվել է 156 մարդ։
Հիշեցնենք, որ դեռ կիրակի օրվանից Սինցզյան-Ույգուրի ինքնավար շրջանի Ուրումչի քաղաքի կենտրոնում փողոցային անկարգություններ են սկսվել միջէթնիկ թշնամության հողի վրա։ Հարյուրավոր ույգուրցի ցուցարարները վառել են մեքենաներ, քանդել ոստիկանության պատնեշները, կոտրել մեքենաների ապակիները: Նրանք զինվելով քարերով, փայտերով ու երկաթե խողովակներով բողոքի ակցիա են անցկացնել ոստիկանական շղթայի դիմաց, որը շրջափակել է քաղաքի չինական թաղամասերից մեկը: Չինաստանի իշխանությունները անկարգությունների ողջ պատասխանատվությունը բարդել են արտաքսման մեջ գտնվող ույգուրցի ակտիվիստների վրա, իսկ չինական լրատվամիջոցները նշում են, որ բռնությունները հրահրվել են անջատողական Համաշխարհային ույգուրական կոնգրեսի կողմից։
Նշենք նաեւ, որ ույգուրցիները կազմում են Սինցզյան-Ույգուրի ինքնավար շրջանի բնակչության գրեթե կեսը:
Ներկայումս Սինցզյան-Ույգուրի ինքնավար շրջանի Ուրումչի քաղաքում իրավիճակը կայունացել է: Վերացվել է նաեւ պարետային ժամը: Այս մասին հաղորդել է քաղաքային իշխանությունների մամուլի կենտրոնի աշխատակից Պու Ցզյանհուն: «Պարետային ժամը առավոտյան վերացվել է, իսկ իրավիճակը՝ նորմալացել»,- ասել է նա, ապա հավելել, որ կրկին պարետային ժամ հայտարարելը քիչ հավանական է:



























