«Երեւի ամեն մեկը հուզված էր եւ այդ հույզի եւ դյուրագրգռության վիճակում յուրովի է մեկնաբանել իմ անձնական նամակները»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Կոնկրետ հարցին, թե այդ նամակում ինքը գրե՞լ է, թե «Տալիս եմ իմ կյանքի վերջին քաղաքական հրաժարականը», նա պատասխանեց. "Ես գրել եմ, որ «դուք համարեք, որ այլեւս հրաժարական չի լինելու: Այն, ինչ դուք տեսել եք, վերջին իմ հրաժարականն է: Այսինքն դուք սրանից հետո ինձանից հրաժարական չեք տեսնի: Ամեն մեկն իր համար: Եվ այնտեղ կուսակցությունից հեռանալու մասին բան չկար»:
Նրա խոսքով, «ամեն մեկը այդ համապարփակ նամակը յուրովի էր մեկնաբանում եւ հատվածներ էր վերցնում, բայց հիմնական այդտեղ գրվածը ուղղված էր բոլորին, առանց բացառության, անուններով եւ որ նրանցից յուրաքանչյուրը խախտեց պատասխանատվության այդ հրամայականը: Իսկ դրանից հետո ով ինչպես է ուզում մեկնաբանել, իրենց իրավունքն է»:
Իսկ որ Ր. Հովհաննիսյանը չի մասնակցել այդ զարգացումներին, նա բացատրեց հետեւյալ կերպ. «Ես ինձ բացառեցի այդ գործելաոճից, այդ ցեխարձակումներից, որոնցով այդ օրերին այդ մարդիկ փայլում էին: Եւ ես ասացի, որ նժանի վրա արդեն „Ժառանգության“ ապագայի խնդիրն է, որը մենք միասին պետք է լուծենք, բայց դուք եւս պետք է մասնակից լինեք:
Եվ ամեն մեկը, փոխանակ իր վրա վերցնի այդ խոսքը, մյուսի վրա է գցում, ձեռքի հետ էլ ինձ է մեկնաբանում»:
Հիշեցնենք, որ թեեւ այդ նամակով Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվում է հրաժարականներ տալու իր սովորությունից, այնուամենայնիվ դրանից հետո նա կրկին ինչ-որ բանից հրաժարվեց, այս անգամ իր պատգամավորական մանդատը դնելու որոշումից:



























