«Նախորդ տարվա համեմատ՝ Երեւանում հանցագործությունների թիվն աճել է 1760 դեպքով կամ 59 տոկոսով»,- հոկտեմբերի 2-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Ներսես Նազարյանը։

Փաստը պայմանավորելով տնտեսական ճգնաժամով եւ մարդկանց սոցիալական վիճակի վատացմամբ՝ քաղաքի ոստիկանապետը ներկայացրեց վերջին 8 ամիսներին Երեւան քաղաքում կատարված հանցագործությունների վիճակագրությունը։ Ըստ այդմ՝ 2009-ի ութ ամիսներին ամբողջ հանրապետությունում կատարված հանցագործությունների 49.8 տոկոսը բաժին է ընկնում Երեւանին։ Նրա խոսքերով, «վերլուծությունը՝ ըստ հանցատեսակների, ցույց է տալիս, որ դրանց աճը տեղի է ունեցել հիմնականում սեփականության դեմ ուղղված հանցագործությունների հաշվին՝ այդ թվում 674-ով աճել են անձնական գույքի գողությունները, 62-ով՝ բնակարանային գողությունները»։

Ութ ամիսների ընթացքում ակտիվացել է թմրամոլության դեմ պայքարը, ինչի արդյունքում բացահայտվել է թմրանյութերի ապօրինի շրջանառության 209 դեպք։ Սեպտեմբերի 23-ին ոստիկանություն բերման են ենթարկվել Իրանի Իսլամական հանրապետության քաղաքացիներ, որոնց բնակարանների խուզարկության ժամանակ հայտնաբերվել է 302 գր ափիոն եւ 110 գր հաշիշ տեսակի թմրամիջոց։ Ներսես Նազարյանն անհանգստացնող համարեց հատկապես մայրաքաղաքի գիշերային ակումբներում թմրամիջոցների տարածումը։

Անդրադառնալով հրազենի առգրավման դեպքերին՝ վարչության պետը նշեց, որ զգալիորեն բարելավվել է նաեւ զենքի ապօրինի շրջանառության դեմ պայքարը։ 60.5 տոկոսով աճել է հրազենի առգրավման փաստով հարուցված քրեական գործերի թիվը։ Հրազենով կատարված հանցագործություններն աճել են ութով։ Առգրավվել է բնակչության մոտ ապօրինաբար պահվող 267 միավոր զենք-զինամթերք։

Ութ ամիսների ընթացքում գրանցվել է ավտոառեւանգման 30 դեպք, 17-ը դեռեւս չեն բացահայտվել։

Աճել են ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման դեպքերը՝ կազմելով 60.6 եւ 67.3 տոկոս։ Գրանցվել է 35 դիտավորյալ սպանության դեպք. ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ դրանցից 13-ը բացահայտվել են։ Հայտնաբերվել եւ բերման են ենթարկվել հետախուզման մեջ գտնվող մոտ 500 մարդ։

Անդրադառնալով նրան, թե մայրաքաղաքի ո՞ր համայնքն է հատկապես «հանցագործ», Ներսես Նազարյանը նշեց, որ առաջին տեղում Կենտրոնն է, որին հաջորդում է Արաբկիրը։