Րաֆֆի Հովհաննիսյանը պահանջելու է, որ հաջորդ տարվա սկզբնամասում «Ժառանգության» արտահերթ համագումար կայանա, որտեղ օրակարգում կդրվեն «ոչ միայն գլոբալ, համապետական մարտահրավերները, այլ հիմնովին կլուծվեն „Ժառանգությանն“ այցելած այս վերջին շրջանի ներքաղաքական եւ ներկուսակցական խնդիրները»:
«Ես պահանջելու եմ այդ համագումարը, այնտեղ նաեւ դրվելու է իմ պատասխանատվության եւ իմ վստահության խնդիրը, եւ ես անդրադառնալու եմ բոլորի վարքին: Եվ այլեւս հերիք է, որ ես ուրիշների անունից, լինեն նրանք նախագահ, թե համախոհներ, թե կուսակից ընկերներ, ուրիշների անունից ես հրաժարական տամ, եւ ես ներողություն խնդրեմ: Ամեն մեկն իր համար»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը, հավելելով, թե 2010 թվականին կասի 2008 եւ 2009 թվականներին որոնք են եղել «Ժառանգության» սխալները՝ բազմաթիվ ձեռքբերումների կողքին:
Այնուհետեւ խոսելով «Ժառանգությունում» տեղի ունեցածի համար իր պատասխանատվության մասին, նա նշեց. «Հայաստանում կան կուսակցություններ, որոնք փակ են, ունեն միեւնույն նախագահը: Միգուցե մարդիկ ինձ ամբաստանեն, որ ելնելով իմ ծննդավայրից ու կրթությունից, ես ՀՀ պայմանների համար չափազանց ժողովրդավար եմ եւ հարգում եմ դիմացինի կարծիքը, բայց կարծում եմ, որ նույնիսկ այս անընդունելի եւ խիստ ցավալի իրավիճակում չարժե ունենալ միանձնա ղեկավարում: Իհարկե, գլոբալ իմաստով պատասխանատուն ես եմ, բայց պետք չէ իմ գործընկերների կողմից դիտարկել որպես անպատասխանատվության եւ անվայել, անբարոյական պահվածքի խթան: Ոմանք արդեն իրենց արտահայտություններով ու պահվածքով ցույց են տվել, որ վաղուց են հեռացել „Ժառանգությունից“ թեեւ ես որպես քաղաքացի չեմ ընդունում վերջին շրջանի որոշումների փաստն ու եղանակը: Դրանք ինձ համար անընդունելի են»:
Հարցին, թե այնուամենյանիվ 2008 թվականին «Ժառանգության» համագումարում կեղծիքներ եղե՞լ են, Ր. Հովհաննիսյանն ասաց. «Բոլոր գործընթացները գտնվում էին իմ պատասխանատվության տակ: Ես չիրականացրի անհրաժետ վերահսկողությունը, թույլ տվեցի, որլինեն որոշ շահերի բախումներ հանձնաժողովի անդամների եւ թեկնածուների միջեւ: Որոշ մարդիկ, իմ կարծիքով, մտահոգ էին, որ քվորումի խնդիր կլինի այնտեղ, որոշեցին բարի նպատակներով գնալ կեղծիքի ճանապարհով, որն անընդունելի է: Եվ ես համարում եմ, որ դրանից հետո „Ժառանգության“ վարչությունը քայլեր կատարեց այդ ուղղությամբ, գնաց նկատողությունների ու պատիժների ճամփով: Դրա համար պատասխանատվությունը կրում եմ ես, հասարակությունը տեղյակ է»: Նա չբացառեց, որ այդ համագումարում հնարավոր են նաեւ կադրային փոփոխություններ կուսակցության վարչությունում:
Իսկ հնարավո՞ր է, որ կուսակցությունից հեռացվածները նույնպես մասնակցեն այդ համագորմարին, հարցին էլ արձագանքեց. «Նրանք ովքեր ուզուն ենրկա լինել, պետք է ներկա լինեն: Ես անընդունելի եմ համարում բոլորի պահվածքը: Արդեն կան մի քանի հոգի, ովքեր իրենց հեռացված են զգում: Բայց կան մարդիկ, որոնք արժանի չէին այդ վերաբերմունքին ու այդ որոշումը (վարչության) համարում եմ աննպատակահարմար եւ ոչ ընդունելի»: Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ, թե արդյոք այս ընթացքում ինքը փորձել է հանդիպել կուսակցությունից հեռացված անդամներին, ինչին «Ժառանգության» առաջնորդը հստակ պատասխան չտվեց, նշելով, որ հանդիպել է բոլոր նրանց, ովքեր ցանկացել են իր հետ հանդիպել:
Իսկ ցանկանո՞ւմ եք վերադառնալ «Ժառանգության» ղեկավարի պաշտոնին, հարցին էլ պատասխանեց. «Չեմ ձգտում, բայց չեմ էլ բացառում»:



























