Հայաստանի մարզերում շարունակվում է հայ-թուրքական արձանագրություններին հավանություն տալու արշավը: Դրա շրջանակներում հերթական 9-րդ հանդիպումը կայացել է Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում:
Քննարկմանը մասնակցել են 112 հոգի, արձանագրվել է 256 կարծիք և առաջարկ: Ներկաների մեծ մասը կողմ է արտահայտվել այդ արձանագրություններին, նշելով, որ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացումը և երկխոսության սկիզբը կհանգեցնի երկու պետությունների միջև հարաբերությունների բարելավմանը: Նախադրյալներ կստեղծվեն նաև տնտեսության զարգացման և առողջ տնտեսական մրցակցային հարաբերություններ ստեղծելու համար` կապված տարածաշրջանում միջազգային կորպորացիաների կողմից արվող ներդրումների հետ:
Նրանց մի մասն էլ համարել է, որ Թուրքիայի կողմից Հայաստանի ապաշրջափակումից հետո կսկսվի հայ-թուրքական երկխոսության գործընթացը: Չնայած միջազգային հանրությունը դա կդիտի որպես առաջընթաց, բայց այդ երկխոսությունը իրական տեղաշարժեր չի առաջացնի ու կընթանա բավական լարված մթնոլորտում:
Հիշեցնենք, որ քննարկումների կազմակերպումը նախաձեռնել է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն»-ը, որին աջակցում է «Եվրասիա» համագործակցության հիմնադրամը: Քննարկումների հաջորդ վայրը լինելու է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքը:




























