«Արարատի» գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանի եւ նրան ուղեկցող անձանց կողմից  Totalfootall.am-ի ֆոտոլրագրող Աշոտ Առուշանյանին ծեծի ենթարկելու փաստի առթիվ դեռեւս քրեական գործ չի հարուցվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը: Նա նշեց, որ նյութեր են նախապատրաստվում, ընթանում է հետաքննություն:    

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին կայացած ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 6-րդ տուրի «Արարատ» -«Փյունիկ» հանդիպման ընդմիջմանը (1:4 (0:2)) Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանի եւ նրան ուղեկցող անձանց կողմից ծեծի ենթարկված Totalfootall.am-ի 19-ամյա ֆոտոլրագրող Աշոտ Առուշանյանը ծնոտի վնասվածքի եւ գլխացավերի պատճառով շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց: Արկադի Անդրեասյանը խաղից հետո հարցաքննվել էր ոստիկանությունում: Totalfootall.am-ը փոխանցմամբ` Առուշանյանը կատարել է իր աշխատանքը եւ լուսանկարել էր տրիբունայում գտնվող մասնագետին: Առաջին հարվածը հասցրել է հենց Անդրեասյանը, ապա նրան ուղեկցողները ծեծել են Առուշանյանին «Հրազդան» ստադիոնի թունելում: