Ինդոնեզիայում ողբերգությունն աղետալի չափերի է հասնում: Պաշտոնական տվյալներով, սեպտեմբերի 30-ին եւ հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած հզոր ստորգետնյա ցնցումների հետեւանքով Սումատրա կղզում մահացել են առնվազն 1100 հոգի: Միենույն ժամանակ իշխանությունները հաղորդել են, որ դեռւես 3 հազար մարդ կարող են գտնվել փլատակների տակ: Ինչպես հաղորդում է AP-ն, տարերքը ոչնչացրել կամ ծանր վնասներ ահասցրել մոտ 20 հազար շենքերի ու շինությունների:
Ստորգետնյա ցնցումների առաջին փուլը Արեւմտյան Սումատրա նահանգում տեղի են ունեցել սեպտեմբերի 30-ին: Գետնի երեսից գործնականում ջնջվել է Պադանգ քաղաքը: Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7,6 բալլ: Երկրորդ երկրաշարժը՝ 7 բալլ ուժգնությամբ տեղի է ունեցել հոկտեմբերի 1-ին, Սումատրայի մերձակայքում՝ Բենգկուլու նահանգից 154 կմ հյուսիս-արեւմուտք:
Ինդոնեզիական իշխանությունների տվյալներով, տարատեսակ վնասվածքներ են ստացել մոտ 2,4 հազար մարդ: Աշխարհի մի շարք երկրներ որոշում են ընդունել օգնություն ցուցաբերել Ինդոնեզիայի կառավարությանը: Այսպես, Չինաստանը տարերքից վնասներ կրած երկրին օգնելու նպատակով հատկացրել է կես միլիոն, իսկ Միացյալ Նահանգները՝ 300 հազար դոլար հումանիտար օգնություն:
Ինչպես արդեն հաղորդել է NEWS.am-ը, Հայաստանի փրկարար ծառայությունը բերված է մարտական պատրաստության եւ պատրաստ է ցանկացած պահի օգնություն ցուցաբերել ինդոնեզական Սումատրայում տեղի ուենցած երկրաշարժի հետեւանքները վերացնելու համար: Այդ մասին հաղորդել է ԱԻՆ մամուլի քարտուղար Սուսաննա Աբրահամյանը:
Հարկ է նշել, որ Հայաստանն ինքը սարսափելի ողբերգություն է ապրել 1988թ. դեկտեմբերի 7-ին: 7,2 մագնիտուդով աղետալի երկրաշարժը տեղի ունեցավ 11 անց 41 րոպեին: Երկրաշարժի հետեւանքով ամբողջությամբ կործանվեցին Սպիտակ քաղաքն ու 58 գյուղեր, մասամբ ավիրվեցին Լենինական, Ստեփանավան, Կիրովական քաղաքներն ու եւս 300 բնակավայրեր: Այն ժամանակ մահացավ առնվազն 25 հազար մարդ, 514 հազար մարդ մնացին առանց տանիքի: Ընդհանուր առմամբ, երկրաշարժը ազդեց Հայաստանի 40 տոկոսի վրա: Վթարի ռիսկի պատճառով դադարեցվեց Հայկական ԱԷԿ-ի աշխատանքը:




























