Կառավարող կոալիցիայի անդամ կուսակցությունները՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ «Օրինաց Երկիրը» հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովում հայտարարությամբ հանդես եկան՝ պատասխանատվություն վերցնելով հայ-թուրքական արձանագրությունների եւ հարաբերությունների կարգավորման համար:

Հայտարարության հրապարակումից հետո NEWS.am-ի թղթակիցը զրուցել է հայտարարությունը ստորագրած Հանրապետական կուսակցության փոխնախագահ, խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետ:

Պարոն Սահակյան, երեկ խոհրդարանում լսումներ տեղի ունեցան: Այդ լսումները կոալիցիայի դիրքորոշման մեջ ոչինչ չփոխեցի՞ն:

Կարծում եմ՝ փաստաթուղթը գործողության մեջ է դրվել արդեն իսկ կոալիցիայի դիրքորոշման համաձայն: Այնպես որ, խնդիրը ոչ թե ինչ-որ բան փոխելն էր, այլ լսումների հիմնական իմաստն այն է, որ հստակ քաղաքական ուժերն իրենց դիրքորոշումները արտահայտեին:

Իսկ ի՞նչ իմաստ ուներ այսօրվա հայտարարությունը, երբ կոալիցիան բազմիցս արտահայտել է իր դիրքորոշումը հայ-թուրքական մերձեցման վերաբերյալ:

Սա համապարփակ հայտարարություն է, որը նաեւ ենթադրում է իր մեջ այն պատասխանատվությունը, որն իր վրա է վերցնում կոալիցիան:

Երեկ լսումների ժամանակ որոշ ելույթներ եղան, թե իշխանությունները պատասխան են տալու պատմության առջեւ: Արդյո՞ք այս հայտարարությամբ այդ պատասխանատվությունը կրում են նաեւ «Բարգավաճ Հայաստանն» ու «Օրինաց Երկիրը»:

Իհարկե, կոալիցիոն կուսակցություններն ու նրանց սատարող ուժերը:

Կոալիցիան պատրա՞ստ է պատմության առջեւ կրելու այդ պատասխանատվությունը:

Ես կարծում եմ՝ արդեն մտնում ենք լիրիկական, զգացմունքային դաշտ: Մենք այդ պատասխանատվությունը զգում ենք, եւ դա զգացել ենք Հայաստանի անկախացման ամբողջ գործընթացներում, եւ Ղարաբաղի պատերազմում: Այն ժամանակ էլ կողմեր կային, որ գտնում էին, թե սխալ ճանապարհով ենք գնում: Առանց ճակատամարտերի հաղթանակներ չեն լինում: