Ապրիլի 27-ին Մադրիդում կայանալիք Չեմպիոնների լիգայի Ռեալ - Բարսելոնա խաղից առաջ Արքայական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ առաջին խաղում հնարավոր չի լինի ապահովել եզրափակիչի ուղեգիրը:

-Այս դիմակայությունում ֆավորիտ չկա: Ամեն հանդիպում ունի իր պատմությունը եւ ամեն մրցաշար առանձնահատուկ է, այդ պատճառով մենք պետք է չմտածենք Բարսելոնայի հետ նախորդ հանդիպումների մասին: Երկու թիմերն էլ հրաշալի գիտեն միմյանց, կազմերում կան խաղացողներ, որոնց հայտնի է հաջողության դեղատոմսը: Շալկե - Մանչեսթեր Յունայթեդ զույգում եւս ես ֆավորիտ չեմ տեսնում: Առաջին խաղում հնարավոր չէ հասնել հարմար առավելության պատասխան խաղից առաջ: Կատալոնացիների հետ ոչ ոքին անհաջողություն կլինի, եթե մենք ավելի լավ խաղանք եւ ավելի շատ պահեր ստեղծենք: Բայց, եթե մրցակիցը մեզ գերազանցի, ես գոհ կլինեմ նաեւ ոչ ոքի արդյունքից:

Ես իմ խաղացողներին հիշեցրի հռչակավոր գիտնական Ալբերտ Էյնշտեյնի խոսքը այն մասին, որ գոլորշուց, էլեկտրականությունից եւ ատոմային էներգիայից հզոր կա միայն մեկ մեխանիկական ուժ, եւ դա կամքն է - ասել է Մոուրինյոն: