Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 2-ին ընդունել է Հայաստանում Գերմանիայի նորանշանակ դեսպան Հանս-Յոխեն Շմիդտին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Էդվարդ Նալբանդյանը հաջողություն է մաղթել դեսպանին դիվանագիտական առաքելության կատարման գործում եւ Հայաստանի արտաքին գերատեսչության աջակցությունը հայտնեց նրան:
Հանս-Յոխեն Շմիդտը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների եւ բարեմաղթանքների համար եւ նշել, որ Գերմանիան շարունակելու է Հայաստանի հետ հարաբերությունների համակողմանի զարգացմանն ուղղված քայլերը:
Նախարար Նալբանդյանն ու դեսպան Շմիդտը քննարկել են Հայաստան-Եվրոպական Միություն փոխգործակցությանն առնչվող հարցեր, նշել երկկողմ բարձր մակարդակի այցելությունների եւ շփումների ընդլայնման անհրաժեշտությունը:
Դեսպանի խնդրանքով Հայաստանի արտգործնախարարը ներկայացրել է Հայաստանի մոտեցումները արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման գործընթացի, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, ինչպես նաեւ մի շարք տարածաշրջնային խնդիրների վերաբերյալ: Նշենք, որ Գերմանիայի նոր դեսպանը մինչեւ Հայաստանում նշանակում ստանալը եղել է Մինսկում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար:



























