Գյումրեցի Վաղինակ Պետրոսյանը մեկն է այն 3 հազար հայերից, ով ուղիղ 25 տարի առաջ մեկնել է Չեռնոբիլի ատոմակայանի աղետի հետեւանքների վերացման աշխատանքներին մասնակցելու: Նրան գործուղել են զինկոմիսարիատից: «Հինգ ամիս աշխատեցի եւ հայրենիք վերադարձա առողջական լուրջ խնդիրներով»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է գյումրեցի Վաղինակ Պետրոսյանը:
«Ի վիճակի չեմ աշխատելու, բայց աշխատում եմ: Ստիպված եմ գործի անցել, քանի որ ընտանիքս բազմանդամ է ու հիվանդությանս կենսաթոշակն էլ շատ քիչ է. այն չի բավականացնում ապրելու եւ գոյություն պաշտպանելու համար: Մինչեւ 1992 թվականը պետությունը լուրջ ուշադրություն էր դարձնում չեռնոբիլցիներին, ունեինք հատուկ արտոնություններ, ստանում էինք բարձր թոշակ, օգտվում էինք անվճար բուժօգնությունից»,-ասել է նա, ով Ուկրաինա մեկնել է որպես ամրանագործ, բայց արտակարգ պայմաններում նաեւ փրկարարական աշխատանքներ է իրականացրել:
Նրան բժիշկները զգուշացրել են, որ ձեռք է բերել հիվանդություն, որը կարող է փոխանցվել ժառանգաբար: Նման լուրջ խնդիրներ, ըստ Վաղինակ Պետրոսյանի, ունեցել են նաեւ գյումրեցի մյուս այսպես ասած «չեռնոբիլցիները»: Հիմա հնարավորինս հետեւում է առողջության պահպանմանը, բայց ըստ նրա, ցավալին այն է, որ հանրապետությունում անվճար բուժօգնություն միայն Երեւանում է ցուցաբերվում:
Նշենք, որ այսօր լրանում է Չեռնոբիլի աղետի 25-ամյակը: Հազարավոր մասնագետներ ամբողջ ԽՍՀՄ-ից մասնակցեցին Չեռնոբիլի ատոմակայանի վթարի հետեւանքների վերացմանը: Ապրիլի 26-ը ՄԱԿ-ի կողմից ճանաչվել է ռադիացիոն աղետների եւ վթարների զոհերի հիշատակի միջազգային օր, իսկ ԱՊՀ գործադիր կոմիտեն առաջարկել է կազմակերպել Չեռնոբիլի ԱԷԿ-ի աղետի 25-ամյակի միջոցառումներ:
Հիշեցնենք, որ Չեռնոբիլի ատոմակայանի 4-րդ էներգաբլոկում վթարը տեղի է ունեցել 1986 թվականի ապրիլի 26-ին: Ներկայումս այդ ատոմակայանում բոլոր ռեակտորների աշխատանքը կասեցված է: Այդուհանդերձ 3,5 հազար մարդ առաջվա նման աշխատում են այդ ատոմակայանում: Միջուկային վառելիքը չի բեռնաթափված ռեակտորներից եւ իրավիճակը պետք է վերահսկողության տակ պահել:





























