Հոկտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն ընդունել է նույն օրը ԼՂՀ այցելած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեինն (ԱՄՆ) եւ նրանց ուղեկցող անձանց: Ինչպես հաղորդել են ԼՂՀ նախագահի աշխատակազմի գլխավոր տեղեկատվական վարչությունից, հանդիպման սկզբունքում Բակո Սահակյանը շնորհավորել է Ռոբերտ Բրադկեին՝ համանախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ արդյունավետ աշխատանք մաղթել նրան: Հանդիպմանը քննարկվել են ղարաբաղյան հակամարտությանն ու տարածաշրջանային գործընթացներին առնչվող հարցերի լայն շրջանակ:

Երկրի ղեկավարը հերթական անգամ ընդգծել է բանակցային գործընթացի լիարժեք ձեւաչափի վերականգնման անհրաժեշտությունը, եւ հավելել, որ հակամարտության վերջնական կարգավորման հասնելն անհնար է առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լիիրավ մասնակցության:

Բակո Սահակյանը ընդգծել է, որ հակամարտության համապարփակ կարգավորման համար անհրաժեշտ է նայել առաջ, այլ ոչ թե ղեկավարվել անցյալով: Նախագահի խոսքերով, յուրաքանչյուր փորձ՝ վերադարձնել Լեռնային Ղարաբաղը 1988թ. իրողություններին, ինչպես կարգավիճակի, այնպես էլ վարչական-տարածքային առումով, հղի է անկանխատեսելի հետեւանքներով եւ գործընթացը փակուղի կմտցնի:

Նախագահը ներկաների ուշադրությունը հրավիրել է երկու հանրությունների միջեւ փոխվստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների ակտիվացման անհրաժեշտության վրա, քանի որ կողմերի պատրաստակամությունը՝ լուծել խնդրահարույց հարցերը բաց երկխոսության միջոցով, հակամարտության կարգավորման անհրաժեշտ պայման են: «Այս իրավիճակում իրադարձությունների արհեստական ձգձգումն անթույլատրելի է»,- ընդգծել է Սահակյանը եւ հավելել, որ Ադրբեջանի ռազմատենչ եւ ագրեսիվ հռետորաբանությունը խաղաղ գործընթացի գլխավոր խոչընդոտներից մեկն է:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ նախագահը նկատել է, որ այդ գործընթնացը որեւէ կերպ կապված չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ եւ ողջունել է Մինսկի խմբի համանախագահների՝ նախօրեին արված նմանօրինակ հայտարարությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի իրավիճակին առնչվող հարցեր:

Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: