Ստավրոպոլում 58 տարեկանում դժբախտ պատահարի հետեւանքով կյանքից հեռացել է հայտնի ռազմական լրագրող, պաշտոնաթող փոխգնդապետ Իգոր Պողոսովը, հաղորդում է «ՌԳ»-ը:

Ստավրոպոլի Լրագրողների միությունում նշել են, որ Իգոր Պողոսովը ոչ միայն տաղանդավոր թղթակից եւ լուսանկարիչ էր, այլ նաեւ շատ ազնիվ, արձագանքող մարդ էր՝ պատրաստ ցանկացած պահի օգնել գործընկերներին:

Փոխգնդապետ Իգոր Պողոսովը, որն ատրճանակից կրակելու չեմպիոն էր, մասնակցել էր Հյուսիսային Կովկասում  հակաահաբեկչական գործողության մեջ եւ 2000 թվականի փետրվարի 7-ին ահաբեկիչներից ազատագրված Գրոզնիում առաջին մամուլի ասուլիսի մասնակիցներից էր: Նրա գործունեությունն արժանացել է պետական մի շարք պարգեւների: Այդ պատճառով պատահական չէ, որ յուրահատուկ լրագրողի անունն ավելացվել էր միջազգային ահաբեկիչների «սեւ ցուցակում»:

Երկար տարիներ Իգոր Պողոսովը ղեկավարել է Ստավրոպոլի մարզում Ռուսաստանի ՆԳՆ գլխավոր վարչության մամուլի ծառայության գործունեությունը, որից հետո աշխատել է նաեւ գեներալ Երմոլովի անվան  կադետական դպրոցի մամուլի բյուրոյում:

«Ստավրոպոլի Լրագրողների միության ղեկավարությունը ցավում է Իգոր Պողոսովի մահվան կապակցությամբ եւ ցավակցություն հայտնում նրա հարազատների ու մտերիմներին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ռազմական լրագրող եւ փոխգնդապետ Իգոր Պողոսովի հուղարկավորությունը տեղի կունենա ապրիլի 11-ին: