Թուրքիայի վարչապետի կողմից «հրեշավոր» անվանված Կարսի «Մարդկության» հուշարձանի 2 գլուխը կտրել են ապրիլի 26-ին:

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝  առավոտյան կտրվել էր հուշարձանի՝ դեպի Կարսի Բերդ նայող գլուխը, իսկ երեկոյան՝ մյուս գլուխը։  Ուշադրություն է գրավել այն հանգամանքը, որ գլուխները կտրելիս բանվորները բղավել են «Ալլահ աքբար»։

Հուշարձանի հեղինակ, հայտնի քանդակագործ Մեհմեդ Աքսոյի փաստաբանը դատական հայց է ներկայացրել հուշարձանի քանդման որոշումը կայացրած Կարսի քաղաքապետի, պատասխանատուների եւ քանդումն իրականացնող ընկերությունների դեմ:

Մեհմեդ Աքսոյը նշել է, թե իր զույգ անմեղ երեխաները ամեն տեսակ հալածանքների ենթարկվեցին եւ հիմա կոտորվում են։

Նշենք, որ հուշարձանի քանդումից օրեր առաջ Թուրքիայի տարբեր վայրերից Կարս էին ժամանել հայտնի արվեստագետներ եւ բողոքի ակցիա իրականացրել քանդման աշխատանքների դեմ:

Բողոքի ակցիային ներկա են եղել Էրզինջանի նախկին գլխավոր դատախազ Իլհան Ջիհաները, Կարսի նախկին քաղաքապետ Նաիֆ Ալեբեյօղլուն, հուշարձանի հեղանակ, քանդակագործ Մեհմեդ Աքսոյը եւ այլ արվեստագետներ։

Հիշեցնենք, որ Կարսի նախկին քաղաքապետ Նաիֆ Ալիբեյօղլուն, ով մշտապես հանդես էր գալիս հայ-թուրքական սահմանի առանց նախապայմանների բացման օգտին եւ դրա համար Կարսում ստորագրահավաք էր կազմակերպել, տարիներ առաջ նախաձեռնել էր հսկա արձանի ստեղծումը, որը պետք է խորհրդանշեր հայ-թուրքական բարեկամությունը եւ խաղաղությունը, սակայն 2009-ին քաղաքապետի ընտրություններում նա պարտություն է կրում։ Անավարտ արձանը  անորոշ  ճակատագրով տեղադրվել էր Կարսի հին հայկական թաղամասին կից գտնվող բարձունքում։