Ֆրանսիայի ՆԳ նախարարությունը շաբաթ՝ ապրիլի 11-ին, հայտարարել էր, որ «հաշվի առնելով կենդանիների ապաստարանների գերլցվելու վտանգը», փոփոխություն է կատարում մարդկանց կարանտինի կանոններում: Հիմա շուն եւ կատու վերցնել ցանկացողներին թույլ կտան ուղեւորվել ապաստարաններ:

«Կենդանիների պաշտպանության միությունը (SPA) ապրիլի 9-ին կառավարությանը զգուշացրել էր ապաստարանների գերլցված լինելու հետ կապված վտանգների մասին»,- նշված է ՆԳՆ հաղորդագրության մեջ: Եթե ապաստարանները գերլցվեն, գլխավոր վտանգը կլինի էվտանազիայի «անհրաժեշտությունը»:

ՆԳ նախարար Քրիսթոֆ Քասթաները դրանից խուսափելու համար խորհրդակցել է SPA նախագահ Ժակ-Շառլ Ֆոմբոնի եւ կառավարությունում փորձագետների հետ եւ «որոշել, որ (կարանտինի կանոններից) բացառություն կարվի ուղեւորությունների համար՝ կապված կենդանիների որդեգրման հետ»,- հայտնել են ՆԳ նախարարությունից: Բացառությունն ուժի մեջ է մտնելու հինգշաբթի՝ ապրիլի 16-ից:

ՆԳՆ մամուլի հաղորդագրության մեջ հստակեցվում է. հանուն «վտանգները նվազեցնելու» որդեգրողները պետք է հետեւեն մի քանի կանոնների»: Առաջին՝ կենդանուն «նախապես պետք է ընտրել SPA կայքում»: Երկրորդ՝ ապաստարանը պետք է որդեգրողին էլեկտրոնային հաստատում ուղարկի՝ այցի ժամանակի հստակ նշումով: Երրորդ՝  «որդեգրողը» պարտավոր է մենակ գալ: Չորրորդ՝ բացի ապաստարանի հաստատումից,  նա պետք է իր մոտ ունենա նաեւ փաստաթուղթ, որը ՆԳՆ կայքում լրացնում են Ֆրանսիայի բոլոր բնակիչները, որոնք ցանկանում են տանից դուրս գալ: Փաստաթղթում պետք է նշում կատարել «motif familial impérieux» (անհետաձգելի ընտանեկան պատճառ) տողում:

RFI ռուսական ծառայությունն ավելի վաղ հայտնել էր տեղեկատվական արշավի մասին, որն անցկացնում է Կենդանիների պաշտպանության միությունը՝ COVID-19 համաճարակից վախեցած տերերին համոզելու համար, որ ձեռնասուններին չի կարելի լքել նաեւ այն պատճառով , որ նրանք վիրուսը չեն փոխանցում մարդկանց: Լքված կատուների եւ շների թվի աճի ֆոնին, ինչպես նաեւ հաշվի առնելով կարանտինը, որի պայմաններում ապաստարաններին արգելվել է այցելուներ ընդունել, SPA-ից մտավախություն էին հայտնել, որ «ստիպված» են լինելու կենդանիներին քնեցնել:

Հաշվի առնելով, որ Ֆրանսիայում մոտ 30 մլն ձեռնասուն կա, տերերի 0,5 տոկոսի կողմից իրենց կատվին եւ շանը դուրս անելը բավական կլինի, որ փողոցում հայտնվի նրանցից 150 հազարը, ինչը բազմակի գերազանցում է ապաստարանների հնարավորությունները, ասել են SPA-ից: