Սոցիալական աջակցություն Հայաստանում ստացել է արդեն 11 444 մարդ։ Այս մասին ապրիլի 13-ին ԱԺ նիստում, ներկայացնելով երկրում արտակարգ դրությունը երկարաձգելու մասին կառավարության որոշումը, հայտարարեց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։
Նա նշեց նաեւ, որ այն քաղաքացիները, որոնք աշխատում են առանց գրանցման, նույնպես չեն մնա առանց պետության աջակցության։
«Սոցիալական աջակցության 9 փաթեթի համաձայն, ընտանիքները, որտեղ կան մինչեւ 18 տարեկան երեխաներ, որոնց ծնողները գրանցված աշխատողներ չեն, կստանան 26 500 դրամի չափով աջակցություն։ Ավելին, մենք նաեւ մեծացրել ենք աջակցությունն այն ընտանիքներին, որտեղ կան հղի կանայք։ Սոցիալական աջակցության 7 փաթեթի համաձայն, այն ընտանիքները, որտեղ ամուսինը դեռեւս ճգնաժամից առաջ կորցրել է աշխատանքը, 100 000 դրամի չափով օգնություն կստանա։ Այդպիսի ընտանիքների ցուցակը հասնում է մոտ 8000-ի»,- ընդգծեց Ավինյանը։
Բացի այդ, պարետը հայտարարեց, որ ընտանիքները, որտեղ մինչեւ 14 տարեկան երեխաներ կան, որոնց ծնողները մարտի 13-25-ը զրկվել են աշխատանքից, նույնպես 100 000 դրամի չափով աջակցություն կստանան՝ համաձայն սոցիալական աջակցության 4 փաթեթի։
«Կուզեի ընդգծել, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ունի տեղեկատվություն 965 ընտանիքների մասին, որոնցից 200-ին արդեն համապատասխան օգնություն է ցուցաբերվել»,- ասաց նա։
Միաժամանակ, Ավինյանի հավաստիացմամբ, 6 փաթեթի համաձայն, 68 000 դրամի օգնություն կստանան այն մարդիկ, որոնց աշխատանքից հեռացրել են մարտի 13-30-ը։
Ընդհանուր առմամբ՝ քաղաքացիներին սոցիալական օգնության տրամադրաման 4, 6 եւ 7 փաթեթներով, որոնց համար դիմումներ չեն պահանջվում, պարետի խոսքերով, տրամադրվել է մոտ 929 մլն դրամ։ Նա նկատեց, որ կա նաեւ 8 փաթեթ, որը նախատեսված է մասնավոր ձեռնարկատերերի եւ նրանց աշխատակիցների համար։
Նա նշեց, որ պետությունը նաեւ նախատեսել է գազի եւ լույսի կոմունալ վճարումների փոխհատուցում 220 ընտանիքների համար, որոնք փետրվարին օգտագործել են 10 000 դրամից ոչ ավելի գազ եւ 5000 դրամից ոչ ավելի էլեկտրականություն։



























