Թուրքիայի վարչապետի կողմից «հրեշավոր» անվանված Կարսի «Մարդկության» հուշարձանի ապամոնտաժումը խորհրդանշում է հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
Թուրքիայի իշխանությունները սկսել են քանդել մի հուշարձան, որը խորհրդանշում էր հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանն ուղղված ջանքերը: Արձանը քանդվում է այն ժամանակ, երբ ողջ աշխարհի հայերը նշում են Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցը
Հարցին, թե արդյոք հայ-թուրքական բարեկամությունը խորհրդանշող արձանի ապամոնտաժումը չի՞ նշանակում հայ-թուրքական հարաբերությունների վերջ, թուրքագետը հիշեցրել է, որ այդ արձանի մասին շատ քչերը գիտեին մինչեւ այն պահը, երբ դրա մասին խոսեց Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Արձանը քանդելու մասին իր հայտարարությամբ, Էրդողանն այդ արձանը հայտնի դարձրեց, այնուհետեւ այն դարձավ քաղաքական տեխնոլոգիաների մի մաս:
Մելքոնյանի ներկայացմամբ, շատ խորհրդանշական է, որ արձանի ապամոնտաժումն սկսվեց հենց այս օրերին, երբ աշխարհի հայերը նշում են Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցը: «Կարծում եմ, որ արձանի ապամոնտաժումն, առաջին հերթին, ուղղված է Կարսում ապրող ադրբեջանցիների ազգայնական ձգտումները բավարարելուն եւ կրում է խորհրդանշկան բնույթ»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ Կարսի «Մարդկության» հուշարձանը ապամոնտաժվում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանով: Նա այդ հուշարձանը հրեշավոր էր անվանել եւ հրահանգել քանդել այն:





























