2016թ. ամառային օլիմպիական խաղերի մայրաքաղաքը կլինի Ռիո դե-Ժանեյրոն: Նման որոշում է ընդունվել Կոպենհագենում կայացած Միջազգային օլիմպիական կոմիտեի նստաշրջանում: «Կյանքն այնպիսին է, որ հաղթող կարող է լինել միայն մեկը, եւ այդ մեկը Ռիո դե-Ժանեյրոն է»,- ըստ «Ազատություն» ռ/կ-ի՝ հայտարարել է ՄՕԿ-ի նախագահ Ժակ Ռոգեն:
Օլիմպիադա-2016-ն ընդունելու համար բացի Ռիո դե-Ժանեյրոյից հավակնում էին նաեւ Չիկագոն, Տոկիոն եւ Մադրիդը: Հավակնորդ քաղաքների ներկայացման համար Կոպենհագեն էին ժամանել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Բրազիլիայի նախագահ Լուիս Իգնասիու Լուլա դա Սիլվան, Ճապոնիայի վարչապետ Յուկիո Հաթայաման եւ Իսպանիայի թագավոր Խուան Կառլոսը:
Քվեարկության առաջին փուլում մցրույթից դուրս մնաց Չիկագոն, երկրորդում՝ Տոկիոն, իսկ Մադրիդը զիջեց բրազիլական մայրաքաղաքին երրորդ փուլում: Նշենք, որ Օլիմպիադա-2016-ը կդառնա առաջին օլիմպիադան, որ կայանալու է Հարավային Ամերիկայում:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի թաքցրել իր հիասթափությունը, որ Չիկագոն չի դարձել օլիմպիական մայրաքաղաքը: Ինչպես հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ռոբերտ Գիբբսը, Օբաման միաժամանակ հպարտ է, որ ինքն ու իր կինը՝ Միշելը անձամբ են մասնակցել Չիկագոյի ներկայացմանը՝ Կոպենհագենում ՄՕԿ անդամների առջեւ:
Իր հերթին Բրազիլիայի նախագահ Լուիս Իգնասիու Լուլա դա Սիլվան հայտարարել է, թե 31-րդ ամառային Օլիմպիական խաղերը 2016թ. Ռիո դե-Ժանեյրոյում կդառնան լավագույնը օլիմպիական շարժման պատմության ընթացքում: «Մենք ցույց կտանք, որ բրազիլացիները, որ շռայլ հոգի ունեն, կարող են կազմակերպել ամենահիասքանչ Օլիմպիադան ողջ պատմության մեջ»,- նախագահի խոսքն են մեջբերել բրազիլական լրատվամիջոցները:



























