Ողջ աշխարհի գիտնականները փորձում են պատվաստանյութ ստեղծել Covid-19-ի դեմ։ Ներկայում, ԱՀԿ-ի տվյաներով, մշակման փուլում են գտնվում 70 պատվաստանյութ-թեկնածուներ։ Փորձագետներն ակնկալում են, որ զանգվածային օգտագործման համար երաշխավորված պատվատանյութի ստացումը կտեւի 12 – 18 ամիս, հաղորդում է CNBC-ն։
Մշակման փուլում գտնվող 70 պատվաստանյութերից հիմա միայն երեքն են կլինիկական փորձարկումներ անցնում, ինչը նշանակում է, որ դրանք փորձարկվում են մարդկանց վրա։ Կլինիկական փորձարկումներն արվում են նոր դեղամիջոցի անվտանգության եւ արդյունավետության գնահատման համար եւ բաղկացած են մի քանի փուլերից, որոնցից ամեն մեկում ընդգրկված են լինում մեծ թվով պացիենտներ։
Առաջինը չինական CanSino Biological-ն է, որի պատվաստանյութը միակն է, որը գտնվում է փորձարկումների երկրորդ փուլում։ Ամերիկյան Moderna-ն եւ Inovio Pharmaceuticals-ը նույնպես փորձարկում են իրենց պատվաստանյութերը մարդկանց վրա, եւ երկու ընկերություններն էլ ներկայում գտնվում են փորձարկումների առաջին փուլում։ Մնացած 67 պոտենցիալ պատվաստանյութերն առայժմ նախակլինիկական փորձարկումների փուլում են։
Քանի դեռ վերջնականապես հաստատված պատվաստանյութը չի ներդրվել, գիտնականները շարունակում են բուժման արդյունավետ մեթոդների որոնումը, ընդ որում՝ ջանքերը կենտրոնացված են մի քանի էական դեղամիջոցների վրա։
Առողջապահության բրիտանական հսկա AstraZeneca-ն միացել է այս ջանքերին՝ հայտարարելով, որ կսկսի լեյկեմիայի բուժման համար երաշխավորված Calquence դեղամիջոցի կլինիկական փորձարկումները՝ դրա ներուժը պարզելու համար։ Ակնկալվում է, որ փորձարկումներն առաջիկա օրերին կսկսվեն ԱՄՆ-ում եւ Եվրոպայի մի քանի երկրներում
Դրանից բացի, հուսադրող նորություններ են հայտվել Gilead ընկերության «Ռեմդեսիվիրե» դեղամիջոցի վերաբերյալ, որը նախապես մշակվել էր էբոլայի դեմ պայքարի համար։ Նոր Անգլիայի բժշկական ամսագրում ապրիլի 10-ին հրապարակված նոր տվյալները ցույց են տվել, որ դեղամիջոցի ընդունումից հետո 53 հոսպիտալացված պացիենտների 68%-ի վիճակը բարելավվել է։ Ամեն դեպքում դա չի եղել վերահսկվող հետազոտություն, այդ իսկ պատճառով փորձագետներն իրենց հետեւություններում զգուշավորություն են ցուցաբերում։
Մինչդեռ աճում է մտահոգութւյունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից որպես խոստումնալից դեղամիջոցներ գովազդվող քլորոխին եւ հիդրոքսիքլորոխին հակամալարիային դեղամիջոցների անվտանգության վերաբերյալ։ Օրերս լուրեր հայտնվեցին այն մասին, որ Բրազիլիայում քլորոխինի փորձարկումները դադարեցվել են, երբ դրանք սրտի բաբախումների անկայության պատճառ են դարձել։
Երկուշաբթի Ժնեւում կորոնավիրուսին նվիրված ճեպազրույցում ԱՀԿ առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակների ծրագրերի տնօրեն դոկտոր Մայքլ Ռայանը նշել է․ «Բժշկական եւ հետազոտական համայնքը իսկապես լուրջ է վերաբերում հիդրոքսիքլորոխինի եւ քլորոխինի ներուժին եւ ներկայում դրանք մասնակցում են մի շարք փորձարկումների։ Սակայն որեւէ ապացույց չկա, որ դրանք աշխատում են, եւ բուժաշխատողները նաեւ պետք է հետեւեն կողմնակի ազդեցություններին»։





























